Արսեն Թորոսյանն առաջարկում է դիտարկել «Հրազդան ցեմենտ»-ում կառավարության մասնաբաժին ունենալու տարբերակը


Արսեն Թորոսյանն առաջարկում է դիտարկել «Հրազդան ցեմենտ»-ում կառավարության մասնաբաժին ունենալու տարբերակը
Մայիս 27 13:09 2025

««Հրազդան ցեմենտ»-ի հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում»,- ԱԺ նիստին ասաց էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին՝ նշելով, որ հերթական խոշոր գործարանի սնանկացման գործընթացն է,  կառավարությունն ի՞նչ քայլեր է  ձեռնարկում դա թույլ չտալու համար:

Զաքարյանը հայտնեց, որ մի քանի անգամ կոնսուլտացիաներ և հանդիպումներ է եղել սեփականատերերի հետ, և այս պահին մշակվում է ճանապարհային քարտեզ՝ ինչպես կարելի է այդ հարցը լուծել:

«Այնտեղ ֆինանսական որոշակի խնդիրներ են առաջացել, որի արդյունքում սնանկացման գործընթաց է սկսել»,- նշեց Է.Զաքարյանը:

Արսեն Թորոսյանն առաջարկեց դիտարկել «Հրազդան ցեմենտ»-ի առողջացման ծրագրում կառավարության մասնաբաժին ունենալու տարբերակը։

«Ես կարծում եմ՝ մենք ինքնահոսի թողնելու իրավունք պարզապես չունենք նման ռազմավարական նշանակության գործարանների ճակատագիրը»,- ասաց Թորոսյանը:

Փոխնախարարն արձագանքեց, որ ինքնահոսի թողնելու խնդիր չկա:

«Ինչ վերաբերում է ձեր առաջարկին, կարծում եմ, հետագա հանդիպումներում կդիտարկենք, եթե հնարավորության տարբերակներ կան, նաև պետությունը կմասնակցի»,- ասաց նա: