Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Հայաստանում աշխատավորի օրն ամենակեղծ օրերից մեկն է, որովհետեւ Հայաստանում աշխատավորների շահերի պաշտպանությունը գրեթե զրոյական մակարդակի վրա է:
Ընդ որում, գործնականում ոչ մի էական ռեֆորմ չի իրականացվել ու իրականացվում այդ հարցում շոշափելի փոփոխության հասնելու համար:
Հայաստանում օրակարգի կարեւորագույն հարցերից մեկը պետք է լիներ արհմիությունների համակարգի ձեւավորումը, որը թույլ կտար լուծել երկու կարեւոր խնդիր՝ մի կողմից ապահովել աշխատողների իրավունքների պաշտպանություն, մյուս կողմից՝ այդ խնդիրը լուծել գործատուների հետ հրաբերության քաղաքակիրթ մեխանիզմով, որը կարեւոր հանգամանք է հանրային համերաշխության խնդրի տեսանկյունից:
Հայաստանում կապիտալի նախնական կուտակման գործընթացը բերել է հանրային տրամադրությունների մի լրջագույն արատի՝ հասարակության, այսպես ասած, աղքատ կամ համեստ կարողությունների տեր մարդկանց որոշակի բաց կամ լատենտ ատելությունը՝ հարուստների նկատմամբ:
Այս երեւույթը մշապես ենթարկվել է քաղաքական շահարկումների ու խաղարկումների ու այդպես է առ այսօր:
Արհմիությունների կենսունակ համակարգի ձեւավորումը կարեւոր քայլ կամ բաղադրիչ կլինի այդ խնդիրը հաղթահարելու ուղղությամբ: Իսկ դրա հաղթահարումը կարեւոր է, որովհետեւ «դասակարգային ատելությամբ» երկիրը երբեք չի կարող արդիականանալ եւ այդ երկիրը երբեք չի կարող լինել ինքնիշխան, որքան էլ բարձր լինեն ինքնիշխանության մասին դեկլարացիաներն ու բաժակաճառերը:
Նաեւ հենց այդ նկատի ունեմ, երբ պարբերաբար նշում եմ, որ ինքնիշխանությունը սեփական երկրում ներքին կյանքը եւ հասարակական հարաբերությունները կառուցելու կարողությունն է, այլ ոչ թե տարատեսակ արտաքին թեմաներով մանիպուլյացիաները»: