Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյանց փողոցում երևանյան լճի հարևանությամբ տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու մարմին, իսկ նրա հարևանությամբ էլ «Infinity» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է վրաերթի հետևանքով ու հիմա Շենգավիթի համայնքային ոստիկաններն ու ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները պարզում են այդ տեղեկությունը։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի, ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։