Ինչ է սպասվում հունիսի 9–ին․ կարևոր որոշում պետք է կայացնել


Ինչ է սպասվում հունիսի 9–ին․ կարևոր որոշում պետք է կայացնել
Հունիս 5 23:07 2024

Հունիսի 9–ին, կիրակի օրը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հերթական հանրահավաքն է հրավիրել Հանրապետության հրապարակում։ Այդ օրը կլրանա ուղիղ մեկ ամիսը, երբ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի քաղաքական պահանջը ձևավորեց, տալով նրան մեկ ժամ ժամանակ։ Այն, որ Փաշինյանը ոչ այդ մեկ ժամում, ոչ «լրացուցիչ» 20 րոպեյում ու անցնող մեկ ամսվա ընթացքում հրաժարական չէր տալու դա առավել քան ակնհայտ էր։ Խնդիրն այստեղ այն չէ, որ Փաշինյանի հրաժարականի պահանջը ոչ միայն քաղաքականապես, այլ նաև բարոյապես հասունացած չէ, վարչապետը վաղուց պետք է հրաժարական ներկայացրած լիներ, այլ այն գործիքակազմը ինչի միջոցով շարժումը ցանկանում է հասնել նրա հրաժարականին։

Խաղաղ անհնազանդության ակցիաները որոշակի առումով էֆեկտիվ կարող էին լինել, եթե դրանք կրեին ամենօրյա և որ ամենակարևորն է ուղեկցվեին լայն զանգվածների ակտիվ ներգրավմամբ։ Թե ինչու շարժման ակտիվ դերակատարները ուղիղ չեն պատասխանում։ Բայց անցնող մեկ ամսվա գործողությունները ցույց տվեցին, որ Փաշինյանի դեմ նրա «սցենարով» պայքարելն ուղղակի անմիաստ է ու դադապարտված է համալրելու նախկին՝ ՀՓՇ–ի ու «Դիմադրության» շարժման ճակատագրին։

 
 

Ընդդիմության առաջնորդների այն պատճառաբանությունները թե փողոցում բավարար քանակի մարդ չկա, այս անգամ չի արդարացվելու։ Հանրապետության հրապարակում, կոնկրետ գործողություն իրականացնելու, կոնկրետ հաջողության հասնելու բավարար մարդ կար, գոնե մայիսի 9–ին, ինչը վստահ ենք տեսանելի էր նաև հարթակում գտնվողների համար, իսկ թե ինչու որոշեցին շարժումը տանել գրեթե նույն հռետորաբանությամբ ու ձեռագրով թերևս դժվար է վերլուծել, բայց ակնհայտ է, որ նման կերպ շարունակելու պարագայում թեժ ամռանը փողոցում այլևս մարդ չի մնալու։ Ու հանուն ազնվության քաղաքացիներին անտարբերության մեջ  մեղադրել ևս հնարավոր չէ։ Այս իշխանության հեռացումը պահանջող քաղաքացին ելույթներ լսել չի ցանկանում, նրան ոչ թե պատճառն է հետաքրքիր թե ինչու է մինչև հիմա Փաշինյանը կառավարության ղեկավարի աթոռին, այլ՝ թե ինչպես նրան հեռացնել այդ աթոռից։ Պարզ բանաձև գոյություն ունի, որը գործողության մեջ է «թաքնված»։ Պատրաստ է արդյո՞ք շարժումը վերջնական գործողության, պարզ կդառնա հունիսի 9–ին։ Այդ օրը ոչ թե պետք է հնչեն հարցեր, այլ տրվեն պատասխաններ։ Իսկ եթե այդ անգամ էլ ճիշտ մարտավարություն չմշակվի, ապա հերթական շարժումը համալրելու է նախկին՝ չհաջողվածների շարքին։  

Irakanum.am