Ապրիլի 27-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 59 հասցեից գլխին քար ընկնելու հետևանքով «բաց ԳՈՒՎ կլինիկական մահ» ախտորոշմամբ 1-ին համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի 26-ամյա Էզիզ Արտիկովին է, որը ժամը 17։40-ի սահմաններում մահացել է:
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 16։45-ի սահմաններրում, նշված հասցեում գտնվող նորակառույց շենքի շինհրապարակում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ վերջինիս գլխին բարձրությունից բազալտե քար է ընկել, որի հետևանքով ստացել է նշված մարմնական վնասվածքը:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր նշված շենքի կառուցապատող ընկերությունում՝ որպես բանվոր։