Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներին


Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներին
Մայիս 19 16:13 2024

Մայիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Թալին» բժշկական կենտրոնում բուժառու է մահացել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են ժամանել ոստիկանները, պարեկները:

Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածն Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 29-ամյա Անահիտ Գ.-ն է, որը հիվանդանոցում «արտարգանդային վիրահատություն» է ունեցել, և այսօր ժամը 12:30-ի սահմանում հիվանդանոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, ինքնազգացողության վատացում է ունեցել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Երիտասարդ կնոջ մահվան համար հարազատները մեղադրում են բժիշկներին՝ ասելով, որ դա նրանց անփութության հետևանք է։

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը նշված բժշկական կենտրոնում ստացիոնար բուժօգնություն էր ստանում։ Նա 3 երեխա ունի՝ 2 աղջիկ և 1 տղա։