Այսօր՝ մայիսի 18-ին, կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում կրակոցներ են հնչել և կան զոհեր ու վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի, ատրճանակ, արնանման հետքեր, «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Տեղում պարզվել է, որ նշված վայրից ևս 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ ըստ տեղեկությունների նրանցից մեկը մահացել է։
Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ժամանել են նաև փորձաքրեագետները: