«Արցախն ինքնորոշվել է 1991 թ․՝ համաձայն միջազգային իրավունքի դրույթների․ Շարունակում ենք աջակցել այս ազատ և անկախ Հանրապետությանը»․ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ


«Արցախն ինքնորոշվել է 1991 թ․՝ համաձայն միջազգային իրավունքի դրույթների․ Շարունակում ենք աջակցել այս ազատ և անկախ Հանրապետությանը»․ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ
Մայիս 24 23:25 2023

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության Շրջանակը խորը մտահոգություն է հայտնել մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ  Նիկոլ Փաշինյանի կողմից արված  այն հայտարարության կապակցությամբ, ըստ որի  Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,600 քառակուսի կիլոմետր տարածքով, որում ներառված է նաև Արցախը։

 

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի տարածած հայտարարությունում նշված է․

 

 «Որպես տեղի ունեցող գործընթացների ուշադիր դիտորդ՝ Շրջանակը գտնում է, որ այն պայմանները, որոնց արդյունքում արվել է շահագրգիռ կողմ հանդիսացող Արցախի ժողովրդի կամքն անտեսող այս հայտարարությունը, չեն կարող հանգեցնել որևէ ազատ որոշման, որը համաձայնեցված կլինի արդար և ընդունելի բանակցությունների շրջանակում։ Հետևաբար, այս հայտարարությունը առ ոչինչ է:

 

Շրջանակը միջազգային հանրությանը և, մասնավորապես, Ֆրանսիային կոչ է անում իրենց դերակատարումն ունենալ և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան ստեղծել պայմաններ  հակամարտության երեք կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև արդար և իրավահավասար բանակցությունների համար, այլ ոչ թե սատարել ապօրինի գործընթացին և բավարարվել դրանով։

 

Այս ակնկալիքով Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը հիշեցնում է, որ Արցախի Հանրապետությունն ինքնորոշվել է 1991 թվականին՝ համաձայն միջազգային իրավունքի դրույթների։ Հետևաբար, Շրջանակը շարունակում է աջակցել այս ազատ և անկախ Հանրապետությանը և կոչ է անում բոլոր ֆրանսիացի բոլոր ընտրված պաշտոնյաներին անել նույնը` ելնելով արդարության և ժողովրդավարության մեր արժեքներից»:



loading...