Ամեն ինչ ասված է, բայց՝ ոչ արված. Րաֆֆի Հովհաննիսյան


Ամեն ինչ ասված է, բայց՝ ոչ արված. Րաֆֆի Հովհաննիսյան
Մարտ 17 14:40 2023

ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը գրել է․ «Չարժե մի ավելորդ շնչով անգամ անդրադառնալ հայոց անցյալի, ներկայի ու ապագայի նկատմամբ աթոռով գերագույն հրամանատարի՝ արդեն բացահայտորեն հայրենամատնիչ, հարափոփոխ ինքնարդարացումներին։ Այսքանը բավական է։

 
 
 
 

Մեր Հայրենիքն ու նրա պետական ընթացքն անդունդի եզրից դեպի հառաջ ցատկ տալու համար նույնպես բավական է, որ քաղաքացիական և քաղաքական իրապես նվիրյալ, արդար, խղճով պայքարողները շարունակեն ինքնագովազդի, ինքնափառաբանման, թաքնված նախանձի ու սեփական արատավոր հետագծից փախուստի համազգային տխուր ավանդույթը:

 

Եթե մենք ներքուստ չփոխվենք և՝ անհապաղ, չեն լինի խավարի փոխարինումը լույսով, ինքնամաքրված բարու հաղթանակը ամենադավ չարի հանդեպ և Հայաստան աշխարհի պետական նոր շրջափուլի այնքան անհրաժեշտ հնարավորությունը։

 
 

Թարգենք արդի հայոց պատմության բոլոր իշխանաշրջանների քաղաքական, ռազմական, դիվանագիտական, բանակցային, տնտեսական և այլ ոլորտներին վերաբերող հետահայաց ինքնարդարացման, հատվածապաշտ, ոչ ամբողջական, արդեն նաև անիմաստ հասարակական գիտակցության խցանումը։

 

Գործ անենք, լիքը գործ, նոր խոսենք. հաղորդագրություններով, ասուլիսներով, չգիտեմ՝ «ստատուսներով», հետո էլ՝ համապարփակ ու ճշմարիտ հավաքական ուժ դարձած։

Ինչպես սկզբում, այնպես էլ ամփոփմամբ չարժե խորանալ, թե «ինչպես եկավ», ով բերեց, որ ուժերի ուսերին, ինչ լավ ու վատ գործեր արած, այլ պարզապես պետք է կենտրոնանալ այն կենսունակ հանրապետությունների դասի վրա, այն հանրային հեռանկարի վրա, այն քաղաքացիական-ազգային կյանքի վրա, որ հայրենածին մեր իրավունքով պարտավոր ենք ապահովել։

 

Դրանից հետո, նրանից հետո՝ սերունդների սիրույն»։



loading...