Ինչո՞ւ է առանցքային վկան խուսափում ներկայանալ դատարան.«Փաստ»


Ինչո՞ւ է առանցքային վկան խուսափում ներկայանալ դատարան.«Փաստ»
Հունվար 24 09:53 2023

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի և դասախոս Էմմա Սարգսյանի գործով դատական հերթական նիստին ևս չէր մասնակցում գործով անցնող առանցքային վկան՝ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը: Ի դեպ, հենց վերջինիս հարցաքննությունն էր նախատեսվում: Հավելենք, որ արդեն չորրորդ անգամ է, որ նա հրաժարվում է ներկայանալ դատարան: Այս անգամ նա պատճառաբանել էր, թե ինչ-որ կարևոր խորհրդակցության պետք է մասնակցի:

 

Սա առնվազն տարակուսանքի տեղիք է տվել դատաքննության մասնակիցներին, քանի որ հազիվ թե ուսխորհրդի նախագահն այնպիսի մի խորհրդակցության մասնակցեր, որը թույլ կտար չներկայանալ դատարան: Մեր ունեցած տեղեկություններով, իրականում Ալիյանը խուսափում է դատաքննությունից, քանի որ բավականին լուրջ անհանգստություններ ունի, որ իր կարգավիճակը կարող է փոխվել: Իրավապահ համակարգում «Փաստ» թերթի աղբյուրը հայտնում է, որ այդ անհանգստությունները, մեղմ ասած, այնքան էլ անհիմն չեն: Բանն այն է, որ հենց նա է համապատասխան թվով ուսանողներ ապահովելու համար նյութական շահագրգռության հարց բարձրացրել:

 

Մենք առիթ ունեցել ենք նշելու, որ Թոռնիկ Ալիյանը ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի հետ զրույցում հենց ինքն է գումարային թեմաներ «բացում», չնայած, ինչպես վկաներից մեկն էր նշել, նա գնացել էր «հստակ մտադրությամբ՝ մերժելու որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության առաջարկ»: Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, Ալիյանը նաև փաստաբան է վարձել հետագա գործընթացներին պատրաստ լինելու համար»:



loading...