58 տարեկան հասակում հանկարծամահ է եղել հայտնի երաժշտական քննադատ, երաժշտության պատմաբան, հեռուստահաղորդավար և սցենարիստ Սերգեյ Սոսեդովը։
Ողբերգական պատահարը տեղի է ունեցել Յակուտիայում՝ շրջագայության ընթացքում։ Լրագրողն աստիճաններից ընկնելու հետևանքով գլխի ծանր հարված է ստացել, և բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Ընկնելու պատճառը եղել է պոկված թրոմբը․ մասնագետների գնահատմամբ՝ թրոմբոզը կարող էր առաջանալ երկարատև թռիչքի հետևանքով, քանի որ հաղորդավարը ալկոհոլ չէր չարաշահում։
Սերգեյ Սոսեդովը լայն ճանաչում էր ձեռք բերել որպես «Ակուլի պերա» («Акулы пера») հաղորդման ամենավառ մասնակիցներից մեկը, իսկ վերջին տարիներին հանրաճանաչ երաժշտական նախագծերի, այդ թվում՝ «X-Factor»-ի և «Սուպերստար»-ի («Суперстар!») ժյուրիի մշտական անդամ էր։ Նա նաև վարում էր НТВ հեռուստաընկերության «Զա գրանյու» («За гранью») սոցիալական թոք-շոուն։
Հեռուստահաղորդավարն ապրում էր մոր հետ, ամուսնացած չէր և երեխաներ չուներ։ Նրա հանկարծահաս մահվան լուրը ծանր հարված է դարձել տարեց մոր և երկրպագուների համար։










