Ինչու է լռում ՊԲ-ն և որն է ՌԴ վերաբերմունքի փոփոխության պատճառը


Ինչու է լռում ՊԲ-ն և որն է ՌԴ վերաբերմունքի փոփոխության պատճառը
Օգոստոս 6 20:35 2022

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ ռազմական գործողության արդյունքում ադրբեջանական բանակի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Բուզդուխ (Սառնասար) բարձունքը, ռազմավարական այլ բարձունքներ և նշված բարձունքների շրջակա տարածքները:

Պաշտոնական արձագանք Արցախից, ՊԲ-ից դեռ չկա:

168.am-ի տեղեկություններով, Սառնասար բարձունքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, այն մոտ է ԱՀ Շահումյանի շրջանի Չարեքթար գյուղին և Դադիվանքին:

Թե ինչու է ՊԲ-ն լռում, երբ ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն տարածում են այս տեղեկությունը, պարզ չէ: Գուցե ռուսական կողմից ճնշումնե՞ր կան, քանի որ, եթե անգամ վերը նշված հատվածում ռուսական խաղաղապահներ կանգնած չեն եղել, առնվազն նրանց թողտվությամբ է ադրբեջանական զինուժը հասել այդտեղ:

Մյուս կողմից, դարձյալ գործ ունենք ՊԲ զորքի ծավալման խնդրի հետ, նորից 44-օրյա պատերազմից դաս չենք քաղել: Ինչո՞ւ, սա էլ չունի իր հստակ պատասխանը, պատճառները կարող են տարբեր լինել:

Ի դեպ, արցախյան մեր աղբյուրները փոխանցեցին, որ հայկական կողմը ռուսական կողմին առաջարկել է միջնորդել, որպեսզի մեկ տարով հետաձգվի այլընտրանքային ճանապարհից օգտվելը, քանի որ անհրաժեշտ կոմունիկացիաներ դեռ չկան, բայց ռուսական կողմից պատասխանել են՝ հնարավոր չէ:

Թե ինչո՞ւ է ռուսական կողմը նման վերաբերմունք դրսևորում, հասկանալի չէ, կար ժամանակ, երբ ադրբեջանական կողմն էր ավելի շատ բողոքում Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարներից և նրանց ընտրությունից, օրինակ, գեներալ Ռուստամ Մուրադովից, գեներալ Միխայիլ Կոսոբոկովից, և այլն:

2021-ի սեպտեմբերին 9-ին ՀՀ պաշտպանության այդ ժամանակվա նախարար Արշակ Կարապետյանն ընդունել էր Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին, դրանից մոտ 2 շաբաթ հետո՝ արդեն ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին, որը պիտի ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնում փոխարիներ Կոսոբոկովին: Այդ ժամանակ ասացին, թե Կոսոբոկովի համար նոր պաշտոն են պատրաստել՝ ավելի բարձր, մեկ այլ տեղեկությամբ՝ նա համատեղության կարգով էր զբաղեցնում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի գլխավոր խաղաղապահի պաշտոնը՝ հանդիսանալով Վլադիկավկազում տեղակայված 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալ: Գուցե, բայցև չի բացառվում, որ Կոսոբոկովին փոխարինող գտան նաև այլ պատճառով, հատկապես, երբ Կոսոբոկովի թեկնածությունը Կրեմլը Բաքվի հետ չէր քննարկել և նրա նշանակման մասին ադրբեջանական կողմն իմացել էր հայկական լրատվամիջոցներից, ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունից:

Դրա համար ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ում գեներալ Կոսոբոկովը «սառը» ընդունելության էր արժանացել, ընդ որում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ նրա հանդիպումից անգամ պաշտոնական լուսանկար ադրբեջանական կողմը չէր հրապարակել:

«Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ակնարկել էր, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի նշանակումը ՌԴ-ից մեսիջ էր՝ ուղղված Ադրբեջանին՝ հաշվի առնելով, որ ռուս գեներալը զբաղեցրել է 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը, և հատկապես եղել է Աբխազիայում ռուսական ռազմական բազայի հրամանատարը։ Իսկ Աբխազիան, ինչպես հիշեցնում էր քաղաքագետը, Ադրբեջանը ճանաչել է՝ որպես Վրաստանի տարածք:

Ի դեպ, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը մասնակցել է Չեչնիայի պատերազմներին ու Հարավային Օսիայի հակամարտությանը։

Այս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախումբը գլխավորելու է գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը:

Նա 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը եղել է ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալը, երբ խաղաղապահներին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

Իհարկե, այսօր հայկական կողմի հանդեպ ռուսական վերաբերմունքի փոփոխությունը չի կարող խաղաղապահ զորախմբի հրամանատարի անձնական նախասիրության հարթությունում լինել, հատկապես, երբ ադրբեջանական կողմը նաև Վոլկովից է դժգոհել և նրան մեղադրել հայերի հետ «գործարքների» մեջ, չնայած հենց Վոլկովի պաշտոնավարման ընթացքում ունեցանք ռազմավարական բարձունքների կորուստներ: Խոսքը Փառուխի դեպքի մասին է:

Թեպետ այստեղ նաև հայկական կողմի մեղավորությունը կա. Ադրբեջանը խախտում է զորքը հետքաշած պահելու պայմանը, իսկ հայկական կողմն այն պահում է սրբորեն:

Այսինքն, ռուսական վերաբերմունքի ներկա «պատկերը» մի քանի պատճառ կարող է ունենալ՝ աշխարհաքաղաքական, տարածաշրջանի այլ երկրների հետ կապված ռուսական հետաքրքրություն, թուրքական գործոն, ՌԴ-ի կողմից փորձ՝ ամեն կերպ խուսափել 2-րդ ճակատի բացումից, բայց նաև՝ ՀՀ ղեկավարության հանդեպ, մեղմ ասած, անվստահություն, որից տուժում է Արցախի, ՀՀ-ի անվտանգությունը:

Եվ չնայած սրան՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է շփման գծում ՊԲ զորքին ռուս խաղաղապահներով փոխարինելու մասին, որը, վստահ ենք՝ ռուսական կողմի հետ չի էլ քննարկվել, քանի որ սա հավելյալ ռեսուրս է ենթադրում:

Այսինքն, Փաշինյանը փորձում է ՊԲ-ից վերցնել դիրքային պաշտպանության իրավունքը՝ չունենալով անվտանգային հստակ երաշխիքներ ռուսական կողմից, և ամենակարևորը՝ մանդատային հաստատված լիազորության բացակայության պայմաններում, որպեսզի հետո նոր պարտությունների մեղավորներ փնտրի, իսկ ՊԲ-ն արդեն վերջնականապես կազմաքանդած կլինի: