Իմ ինչի՞ն է ձեր ծիրանը, եթե ձեր «տանձին» չէ մեր երկիրը...


Իմ ինչի՞ն է ձեր ծիրանը, եթե ձեր «տանձին» չէ մեր երկիրը...
Հունիս 28 21:50 2022

Եթե փորձենք ի մի բերել վերջին օրերի խառնալրահոսը, ապա բավականին թունավոր կոկտեյլ կստացվի:

Առաջինն, ինչ խոսք, արժե առանձնացնել «Նիգավանի կոտորածը»: Շրջանառվում է, որ նիկոլա-քպ-ական տարրերը, հրազենի գործադրմամբ, իսկական կոտորած էին իրականացրել Նիգավանի մոտ: Նիկոլական քարոզչությունն ու բութ քարոզչագործիքի վերածված «ոստիկանությունն» իրենց մեջտեղից պատառոտում էին, թե՝ «քաղաքական բան չկա»: Մինչդեռ, ակնհայտ իրողությունը, որ նիկոլական իշխանության բոլոր օղակները, ոստիկանաքննչական շոշափուկներով հանդերձ, լծված են եղելությունը պարտակելու, ծածկադմփոցի անելու սև գործին, առանց հավելյալ մեկնաբանությունների էլ ապացուցում է, որ գործը ոչ թե «քաղաքական» է, այլ՝ գերքաղաքական է: Կարելի է չկասկածել, որ այն գտնվում է անձամբ ուսապարկապետի հսկողության տակ:

Երկրորդն ընտրակեղծարարության «պապա», նախկինաց նախկին, «գործ սարքելու» հին ուստա Ջհանգիրյան Գագիկի «հայտնությունն» էր, նախ՝ բնութագրական «մենթա-գողական» թրքերենախառը լեքսիկոնով և ուլտրառաբիսի ֆոնով գաղտնի ձայնագրության, ապա տխրահռչակ մեկին տված հարցազցրույցով: Ջհանգիրյանի «հայտնության» գլխավոր ձեռքբերումներից կարելի է առանձնացնել մի քանիսը. Ա) բացահայտվեց, որ իբր «ավելի լավ ապագայի համար» 2018-ին խեղափոխություն անողների իրական երազանքը թուրքական միջավայրով և խանական աշխարհընկալմամբ ամենահոռի բարքերով խորը միջնադարն է, բ) դրանից ածանցյալ բացահայտում, որ Հայաստանում ժողովրդավարություն ասվածը 2018-ից ի վեր սատկել է ու գոյություն չունի, իսկ իրավունք և իրավակարգ ասվածներից նույնիսկ լեշերը չեն մնացել և գ) նիկոլական իշխանությունն իրականում ունի «իզմ»-եր, որոնցից հիմնականը «վզինդրած»-իզմն է:

Երրորդը կարելի է պայմանականորեն անվանել՝ «Նիկոլն ու գրիչը» (սիքվել):Շատերն, իհարկե, կհիշեն ՍԴ վերջին նախագահ Հրայր Թովմասյանի՝ մի միջոցառման ժամանակ անգրիչ Նիկոլ Փաշինյանին տված գրիչի պատմությունը և, որոշ ժամանակ անց, այդ գրիչը որպես իրեն կաշառելու կամ իր սիրտը շահելու ապացույց, եթերից իր կռապաշտների աչքը խոթող Նիկոլ Փաշինյանի խեղկատակային դրսևորումը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանն ապահովեց նախորդ անախորժ պատմության վերանկարահանումը (սիքվել): Նա, տեսախցիկների առաջ, խորհրդի սեղանի շուրջ նստելուն պես, արհեստավարժ կլեպտոմանի անվրդովությամբ, ծոցագրպանը դրեց նիստի մասնակիցների համար նախատեսված գրիչը: Ոմանք կարծում են, թե նա «ցրեց», այն է՝ գողացավ այդ ոչ բարով՝ գրիչը: Իրականում նման գրենական պիտույքներ (գրիչ, նոթատետր) նման նիստերում դրված են լինում, որպեսզի մասնակիցները հանգիստ վերցնեն, այսինքն, այդտեղ առանձնապես մի արտառոց բան չկար: Արտառոցն այն է, որ շատերը, հիպնոսացան այդ անտեր գրենական պիտույքի վրա, մինչդեռ նույն նիստում, փաստորեն, ոչ մի բացատրություն չտրվեց նույն «Հայաստան» հիմնադրամից նիկոլական կառավարության թռցրած այն 100 միլիոն դոլարի վերաբերյալ, որը պատերազմի ընթացքում հանգանակել էին Հայաստանի և Սփյուռքի հայերը: Գրի՜չ...

Չորրորդը «ծիրանավառ» վիճակն է:Ջրհեղեղից փակվել է անցակետը Լարսի, բան-ման արտահանողների գործը հագել է թարսի: Ուսոցցանցերում սկսեցին կոչեր հնչել, թե վա՜յ, օգնության հասնենք ծիրանագործներին, ով որքան կարող է, թող ծիրան առնի, որպեսզի գյուղացին չտուժի կամ շատ չտուժի...: Իբր, տեսեք-տեսեք՝ հանրային համերաշխություն ենք դրսևորում: Կներեք, բայց շատ կեղծ ու ձևապաշտական երանգ կա այդօրինակ կոչերի մեջ:

Եվ ինչո՞ւ միայն՝ ծիրան: Իսկ կեռա՞սը կամ բա՞լը: Թե՞ բացառապես միայն ծիրան է արտահանվում հիշյալ անցակետով: Իսկ ինչո՞ւ ոչ մեկը մի երկու օր առաջ կոչ չարեց արկղերով գնել ջերմոցագործների արտադրած փարթամ վարդերը, որոնք փչացան ու տոննաներով «զարդարեցին Լարսի մոտակա ձորերը: Թե՞ ծաղկաբույծներինը վնաս չէր կամ նրանք գյուղացինե՞ր չեն...

Ու, առհասարակ, իմ ինչի՞ն է պետք ձեր ծիրանը, եթե ձեր «տանձին» չէ մեր երկիրը: Այսինքն, ինչո՞ւ պիտի ես անհանգստանամ ծիրանի բերքի փչանալու, ինչ-որ մերձիշխանական արտահանիչների՝ վնասներ կրելու, «ապագակա» ընտրող ու նիկոլական անիշխանություն հանդուրժողի վնաս կրելուց, եթե նրանց համար միևնույն է՝ Հայաստանը կլինի՞, թե՞ չի լինի: Ի դեպ, մի 15-20 օր առաջ կարեծս թե ոչ մի ֆերմեր առանձնապես չմտահոգվեց մյուս հայրենակիցների վնասներ կրելու համար, երբ կարտոֆիլի գինը թռցրել էին նիկոլական կառավարության ֆեյք արբանյակի հետևից:

Եվ հինգերորդը: Չասուլիսը: Նիկոլ Փաշինյանը որոշել էր նորից «մենախոսել»: Նրա այդ «չասուլիսը» բոյկոտեցին գրեթե բոլոր խելքը գլխին լրատվամիջոցները: Նիկոլական իշխանության շավկաները սկսեցին ավել-պակաս կաղկանձել բոյկոտող լրատվամիջոցների վրա: Իսկ «չասուլիսից» հետո, ով չալարեց, սկսեց մեջբերումներ անել, մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի ասած հերթական թրքա-ադրբեջանաշահ ցուցմունքները...:

Հետաքրքիր է, թե քանի՞ անգամ կարելի է նորից վրդովվել, որ Նիկոլ Փաշինյանն այս ասաց, այն ասաց, եթե գրեթե ամեն օր փաստարկված նշում ես, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա մանկլավիկները ադրբեջանական ու թուրքական շահեր են սպասարկում և նպատակային ոչնչացնում են Հայաստանը, որպես պետություն և հայոց ցեղասպանություն են իրականացնում:

Ինչպե՞ս կարելի է շարունակել լսել նրա նման մեկի ասածները, եթե նա ելույթ չի ունենում դատարանի դահլիճում, որպես՝ գլխավոր մեղադրյալ:

Եվ ինչպե՞ս է հնարավոր նորից զարմանալ ու զայրանալ այն բանի վրա, որ Արցախը, կարելի է ասել՝ արդեն նաև Սյունիքը, իսկ քիչ անց նաև Արարատի՝ Նախիջևանամերձ մասը, Նոյեմբերյանի և Իջևանի շրջանների մի շարք բնակավայրեր թշնամուն հանձնող Նիկոլ Փաշինյանը հիմա էլ Բերձորն է հանձնում:

 

Արմեն Հակոբյան      
Yerevan.today