Էրդողանը մասնակցելու է ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին


Էրդողանը մասնակցելու է ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին
Հունիս 28 15:40 2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին մեկնելուց առաջ հանդես է եկել մեկնաբանություններով:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

 

Էրդողանը հայտարարել է, որ որպեսզի Ֆինլանդիան և Շվեդիան միանան ՆԱՏՕ-ին, պետք է հաշվի առնել Թուրքիայի անվտանգության մտահոգությունները և նշել, որ այլ ելք չի կարող լինել:

 

Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է արդեն 70 տարի և որ իրենք դաշինքի մեջ պատահական երկիր չեն։

 

Նա նշել է, որ Մադրիդում քառակողմ (Թուրքիա, Շվեդիա, Ֆինլանդիա, ՆԱՏՕ - խմբ.) հանդիպման արդյունքներով պարզ կդառնա, թե ինչպիսին է սկանդինավյան երկրների դիրքորոշումը։

 

«Մենք դատարկ խոսակցություններ չենք ակնկալում, այլ կոնկրետ արդյունքներ»,-ասել է նա:

 

Էրդողանը 2022 թվականի հունիսի 28-30-ը մասնակցելու է Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին։

 

Գագաթնաժողովում ռազմավարական մակարդակով կարծիքներ կփոխանակվեն եվրատլանտյան անվտանգությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների առնչությամբ, կգնահատվեն Ռուսաստան-Ուկրաինա ռազմական գործողությունների արտացոլումները դաշինքի վրա, և այդ համատեքստում ՆԱՏՕ-ի զսպող և պաշտպանական կառուցվածքը կվերանայվի։

 

Մադրիդում օրակարգում է նաև նոր ռազմավարական հայեցակարգի հաստատումը, որը կուղղորդի դաշինքի հետագա աշխատանքը։

 

Էրդողանը հանդիպումներ կունենա նաև որոշ դաշնակից և գործընկեր երկրների ղեկավարների հետ։