Դպրոցից կատարված գողությունը բացահայտվել է, գողոնը՝ հայտնաբերվել․ ոստիկանություն


Դպրոցից կատարված գողությունը բացահայտվել է, գողոնը՝ հայտնաբերվել․ ոստիկանություն
Հունիս 27 14:57 2022

Հունիսի 25-ին Հրազդան քաղաքի դպրոցներից մեկի տնօրենից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ հունիսի 24-ի ժամը 23.00-ից ժամը 23.40-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դպրոցի առաջին հարկի լաբորատորիայի դասասենյակի պատուհանը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել դպրոց, կոտրել դասասենյակների դռներն ու պատուհանները, ապա կոտրելով ուսուցչանոցի դուռը՝ գողացել են 343.890 դրամ արժողությամբ նոթբուք:

 

Այս մասին հայտնում են ոստիկանությունից

Հրազդանի բաժնի քրեական հետախույզների և Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասից բերման է ենթարկվել հրազդանցի 39-ամյա մի տղամարդ: Նա տվել է խոստովանական բացատրություն:

 

Գողոնը հայտնաբերվել է:

Հիշեցնենք, որ Կրթության գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել էր դպրոցից կատարված գողության դեպքին՝ նշելով․

 

«Ոստիկանությունն արագ արձագանքել է, արարքի մեջ կասկածվողը հայտնաբերված է, գողոնը՝ առգրավված։

 

Ինձ մի հանգամանք ապշեցրեց. արարքի հեղինակը ջարդել ու վնասել էր դպրոցական լաբորատորիաների որոշ սարքեր։ Ինչու և ինչպես ենք մենք կարողանում վնասել այն, ինչը կառուցելու, ստեղծելու, մեր բոլոր երեխաներին հասանելի դարձնելու խնդիրը ունենք»,-նշել է նա։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: