ՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր


ՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր
Սեպտեմբեր 25 23:39 2026

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Գասպարյանը գրում է․

 

«ՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին

 

Խոսելով Հայ առաքելական սուրբ եկեղեցու մասին՝ իր առաջնային դերից հետո, անխոս՝ ազգապահպանությունն է գլխավոր գործառույթներից մեկը։

 

Դարեր շարունակ չունենալով պետականություն՝ եկեղեցին իր պայքարն է մղել՝ պահպանելու հային, հայոց լեզուն, հայկականությունը։

Եկեղեցին այսօր էլ Սփյուռքում շարունակ գործում է ՝ նպատակ ունենալով իրագործել իր ազգապահպան ու միավորիչ գործունեությունը։

Հայոց պատմության կարևորագույն և հետևություններ անելու էջերից են եկեղեցու հանդեպ իրագործված դավադրությունները, եկեղեցին մասնատելու փորձերը և եկեղեցուն վերահսկելու ու կառավարելու նենգ քայլերը։

Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում էր Սասանյան Պարսկաստանը, Բյուզանդիան, Օսմանյան կայսրությունը, Ռուսական կայսրությունը, Խորհրդային Միությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Դավանափոխության նկրտումներից մինչև եկեղեցականների սպանություններ, կալանավորումներ, ներքին գործերի միջամտություններ, սահմանափակումներ, գույքի բռնագրավումներ, կաթողիկոսի սպանություն, թանզիմաթ, «բարենորոգման» ծրագրեր։

Իսկ այսօր կարծես տեղի են ունենում նույնանման իրադարձություններ. եկեղեցու ներքին գործերի միջամտություններ, շինծու դատավարություններ, եկեղեցու դերի արժեզրկում ու պախարակում՝ համաշխարհային մակարդակով։

Այսօր հավատացյալ հայ ժողովուրդը պայքարում է երկու ճակատով՝ ներսի բաժանարարների և դրսի կործանարարների դեմ։ Երկրի ներսում եկեղեցին աղճատում, բաժանում ու պախարակում է քաղաքական վերնախավը, դրսում՝ խեղաթյուրում են հայակական եկեղեցիները, քանդում ու այլափոխում, պայքարում հայերի, Հայաստանի ու հայկական եկեղեցու դեմ։

Երկրի ղեկավարությունը տանում է «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսությունը։ Այլ կերպ ասած՝ աջակցում է արտաքին թշնամուն։

Եկեղեցու պաշտպանները՝ ազատությունից զրկված, եկեղեցու բաժանմանը դեմ հավատացյալները՝ հալածվող, նախկինում այսօրվա իշխանությունների կողմից քննադատված, բայց այսօր նրանց մերձավոր համակիրները՝ իրենց եկեղեցականի լավագույն օրինակներ։

Կայսրությունների, գերտերությունների ու բռանապետերի բռնաճնշումներ տեսած եկեղեցին այսօր էլ կա ու շարունակում է ազգապահպան, միավորիչ ու հայանպաստ գործունեությունը, կայսրությունները, գերտերություններն ու բռնապետերը՝ անցյալում են։

Անխոս, արհավիրքների արհավիրքը ևս կձախողի ու կմնա պատմության մութ ու ամոթալի էջերում»։