«Միջին ամսական աշխատավարձը 2021-ի մայիսի նկատմամբ ավելի է 25.592 դրամով․ սա շատ կարևոր ցուցանիշ է՝ հաշվի առնելով գնաճը»․ Փաշինյան


«Միջին ամսական աշխատավարձը 2021-ի մայիսի նկատմամբ ավելի է 25.592 դրամով․ սա շատ կարևոր ցուցանիշ է՝ հաշվի առնելով գնաճը»․ Փաշինյան
Հունիս 23 13:00 2022

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում անդրադառնալով գնաճին, ծախսերին, շահութահարկերին, Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև գրանցված վճարովի աշխատատեղերի մասին՝ այն համարելով պատմական։

«Ուզում եմ արձանագրել, որ մենք մայիս ամսվա ընթացքում նոր ռեկորդ ունենք՝ պատմական, Հայաստանում գրանցված վճարովի աշխատատեղերի, մայիս ամսին՝ բացարձակ ռեկորդ։ Մայիս ամսին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 673.224 վճարովի աշխատատեղ։ Սա այն թիվն է, որ ոչ թե միայն աշխատատեղ է գրանցված, քանի որ Հայաստանում և, ենթադրում եմ՝ բոլոր երկրներում, զրոյական աշխատավարձով աշխատատեղեր կան, մենք հաշվառում ենք միայն այն աշխատատեղերը, որոնց համար վճարվել է աշխատավարձ և եկամտային հարկ։

Ուզում եմ ցուցանիշները ներկայացնել․ 2022 թվականի մայիսին 2021 թվականի մայիսի համեմատ մեր աշխատատեղերն ավելի են 38.273-ով կամ 6 տոկոսով, 2019 թվականի մայիսի նկատմամբ ավելի են 72.359-ով կամ 12 տոկոսով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 125.235 աշխատատեղով։ Այսինքն՝ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է, ի հայտ է եկել ավելի քան 125.000 աշխատատեղ»,- ասաց Փաշինյանը:

Նա ներկայացրեց, իր իսկ խոսքով՝ հաջորդ ռեկորդային ցուցանիշը՝ աշխատավարձի ֆոնդը՝ բոլոր աշխատողներին միասին վճարած աշխատավարձը։

«Այդ ֆոնդը մայիսին կազմել է 160.056.000.000 (հարյուր վաթսուն միլիարդ հիսունվեց միլիոն) դրամ, մայիսների համեմատ՝ հաստատ ռեկորդային է, որը նախորդ տարվա մայիսի նկատմամբ ավելի է 4.000.000.531 (չորս միլիարդ հինգ հարյուր երեսունմեկ) դրամով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 63.000.000.369 (վաթսուներեք միլիարդ երեք հարյուր վաթսունինը) դրամով կամ 65 տոկոսով։ Այսինքն՝ աշխատավարձային ֆոնդը 2018 թվականից ի վեր 65 տոկոսով ավելացել է»։

Փաշինյանը նաև անդրադարձավ համախառն աշխատավարձին, ինչպես նաև՝ ամսական միջին աշխատավարձին․«Միջին ամսական աշխատավարձը այսինքն՝ 1 աշխատողի հաշվով 2022 թվականի մայիսին կազմել է 237.745 դրամ, որը 2021 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 25.592 դրամով կամ 12 տոկոսով։ Սա շատ կարևոր ցուցանիշ է՝ հաշվի առնելով գնաճը, այսինքն՝ աշխատող մարդու միջին աշխատավարձը 12 տոկոսով աճել է։ 2019 թվի նկատմամբ ավելի  է 50.667 դրամով կամ 27 տոկոսով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 61.306 դրամով կամ 34.7 տոկոսով»։