Ինչո՞ւ պետական գույքն անհատույց նվիրեցին «Գազպրոմ Արմենիային»


Ինչո՞ւ պետական գույքն անհատույց նվիրեցին «Գազպրոմ Արմենիային»
Մայիս 28 21:55 2022

Հայաստանի Կառավարությունը հսկայական շահույթ հետապնդող «Գազպրոմ Արմենիա» ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք է նվիրել։

Ըստ որոշման հիմնավորման՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով տարածք նվիրելու որոշումը պայմանավորված է Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի գազիֆիկացմամբ, Մեղրի և Ագարակ քաղաքների չգազաֆիկացված տարածքների գազամատակարարմամբ։

Նշենք, որ գազիֆիկացման աշխատանքներ իրականացնելու համար պետական բյուջեից այդ նպատակով արդեն իսկ հատկացվել է 269,998,790 դրամ։

Հիմա Կառավարությունը որոշել է գումար հատկացնելուց զատ՝ նաև Սյունիքի մարզում անհատույց օգտագործման իրավունքով գույք նվիրել «Գազպրոմ Արմենիային», ինչին դեմ է արտահայտվել Ֆինանսների նախարարությունը։

Կառավարության որոշման վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունից առարկել են՝ հետաքրքրվելով՝ ինչո՞ւ պետք է պետությանը պատկանող օբյեկտներն անհատույց տրվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին։

 

Նախարարությունից նաև առաջարկել են՝ պետության գույքն անհատույց օգտագործման հանձնելու փոխարեն՝ քննարկել այն վաճառելու կամ վարձակալությամբ տրամադրելու տարբերակները՝ հաշվի առնելով որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հանդիսանում է մասնավոր կազմակերպություն:

 

Կառավարությունում, սակայն, անդրդվելի են մնացել և շահույթ հետապնդող այս կազմակերպությանը գույքը հանձնել են անհատույց օգտագործման իրավունքով՝ հիմնավորելով, որ անհատույց տալով՝ ջանքեր են գործադրում և միջոցառումներ են իրականացնում ներքին ներդրումները խրախուսելու և գործող տնտեսվարողների արտադրական հնարավորություններն ընդլայնելու համար։

 

Թե ինչո՞ւ են ՀՀ Կառավարությունում որոշել այսպես խթանել հենց «Գազպրոմ Արմենիային», և ոչ թե՝ իսկապես խթանման կարիք ունեցող փոքր և միջին բիզնեսի այլ կազմակերպությունների, արդյո՞ք ռուսական կապիտալով և հազարավոր աշխատակիցներ ունեցող «Գազպրոմ Արմենիային» անհատույց գույք նվիրելը պայմանավորված է ներքաղաքական լարվածությամբ՝ Կառավարության ընդունած որոշման հիմնավորումներից պարզ չի դառնում։