Պետական դավաճանության ՔՊ-ական շքերթը շարունակվում է


Պետական դավաճանության ՔՊ-ական շքերթը շարունակվում է
Մայիս 28 17:25 2022

Հայրենի ուսապարկերի կազմը նոր համալրում է ստացել: Այդ նոր համալրումը միջնակարգ կրթություն ունեցող Գայանե Եղիազարյանն է, ով ոչ ավել, ոչ պակաս դարձել է ԱԺ պատգամավոր: Իր կրթության վերաբերյալ հարցերին էլ պատասխանել է, որ քաղաքականության մեջ, մանավանդ` ԱԺ-ում, կարևոր չէ մասնագիտական կրթություն ունենալը: Սակայն սա ամենը չէ: Իհարկե ավել բան սպասելի էl չէ միջին վիճակագրական ՔՊ-ականից, որովհետև ՔՊ-ականը դա տգիտության, հայրենադավության և սեփական կյանքում անհաջողակ լինելու դիագնոզ է, ընդորում՝ անբուժելի: Պատահական չէ, որ ՔՊ-ականների զգալի մասը, մինչ փողոցից պատահաբար պատգամավոր կամ նախարար դառնալը, եղել են ոչ մի բան և իրենց կյանքի հիմնական ձեռքբերումը եղել է փաբերում պարտքով գարեջուր խմելը:

Նորաթուխ ՔՊ-ական պատգամավորը առավել սկանդալային հայտարարություններ է արել արդեն Արցախյան հարցի հետ կապված: Նա հայտարարել է, որ «այսքան տարի մեզ միջազգային հանրությունն ընկալել է «օկուպանտ», որովհետեւ մեր հայրենիքն ենք համարել միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի կազմում ընդգրկված նախկին Սովետական Միության Ղարաբաղի ինքնավար մարզը»: Այնուհետև հավելել է, որ «փաստացի Արցախը Ադրբեջանի մաս է»:

 
 

Առհասարակ վերջին օրերին ՔՊ-ական կոլաբորացիոնիստները կրկին սկսել են մեկը մյուսի ետևից խոսել Արցախը Ադրբեջանի ենթակայության ներքո թողնելու մասին: Նմանատիպ մի միտք էլ արտահայտել է Գուրգեն Արսենյանը, ով հայտարարել է, որ «ՀՀ շահերը առավել են, քան Արցախի շահերը» և  «100-ամյա թնջուկից պետք է ազատվել, սերունդներին չպետք է ժառանգել անհասկանալի խնդիր», «ՀՀ-ն Արցախի անվտանգության ռազմական երաշխավորը չէ: Արցախը այս պահին գտնվում է երկու ռազմական կոմպոնենտի ազդեցության տակ: Հայաստանը չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախում երկու ռազմական կոմպոնենտի վրա»: Սույն անձնավորությունը երևի, թե չի հասկանում, որ Հայաստանի շահերը երբեք չեն կարող լինել առավել, քան Արցախինը, որովհետև Արցախը Երրորդ Հանրապետության ֆունդամենտն է: Հայաստանի Երրորդ Հանրապետությունը Արցախյան շարժման ծնունդ է: Իհարկե «արսենյանների» նմանների համար խորթ է այն ամենը, ինչը կապված է մեր պետականության և ազգային արժեքների հետ:

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն էլ իր հերթին հայտարարել է, որ «գործընթացը պետք է տեղափոխվի Հայաստան-Ադրբեջան երկկողմ տիրույթ»: Փաստացի Թորոսյանը խոսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության մասին, որը բնականաբար ձեռնտու է միայն թուրքադրբեջանական տանդեմին: Ադրբեջանն ու Թուրքիան տարիներ շարունակ ցանկացել են մասնատել Մինսկի խումբը և ապալեգիտիմացնել այն: Վերոգրյալի համատեքստում փաշինյանական իշխանությունը նրանց անգնահատելի ծառայություններ է մատուցել:

Ընդ որում, խոսքը միայն ՔՊ-ական ուսապարկերի վերջին շրջանի հայտարարությունները չեն, որոնք բացեիբաց ասում են, որ Արցախը Ադրբեջանի մաս է: Մինսկի խմբի ապալեգիտիմացման գործընթացը սկսվել է հենց 2018թ.–ից, երբ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցությունները սկսում է իր սեփական կետից: Այնուհետև դա շարունակվեց 2019թ. ամռանը Ստեփանակերտում «Արցախը Հայաստան է, և վերջ» թեզով և 2020թ. հունվարին Մյունխենյան տխրահռչակ սկզբունքներով: Ինչևիցե, արձանագրենք, որ ՔՊ-ականների կողմից պետական դավաճանության շքերթը շարունակվում է: Հիշեցնենք, որ մինչ այս պահը Արցախի վերաբերյալ սկանդալային հայտարարություններով էին հանդես եկել Էդուարդ Աղաջանյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վիգեն Խաչատրյանը և այլք:

 

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

Աղբյուր՝ AntiFake.am

 

 



loading...