Ֆրանսիան հիմքեր չունի համաձայնելու ռուբլով վճարել ռուսական գազի համար. Մակրոն


Ֆրանսիան հիմքեր չունի համաձայնելու ռուբլով վճարել ռուսական գազի համար. Մակրոն
Մարտ 26 10:08 2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում մեկնաբանել է ռուսական գազի համար ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջը։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն։

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան հիմքեր չունի համաձայնելու ռուբլով վճարել։

«Այս պահանջի նպատակը պատժամիջոցները շրջանցելու մեխանիզմ գտնելն է։ Բայց սա անհամատեղելի է մեր կնքած պայմանագրերի հետ»,- պարզաբանել է նա։

Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ ռուսական գազը եվրոպացի գնորդները պետք է գնեն եվրոյով։

Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Եվրոպան գազի դիմաց պետք է վճարի ռուսական ռուբլով։ Այդ կապակցությամբ նա հանձնարարել է Կենտրոնական բանկին և կառավարությանը մեկ շաբաթվա ընթացքում որոշել ռուսական գազի գնորդների կողմից ներքին շուկայում ռուբլու գնման կարգը։ Միաժամանակ ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվան կշարունակի մատակարարումները պայմանագրերի պայմաններին համապատասխան։ Կփոխվի միայն արժույթը։