Ցանկալին իրականություն չդարձավ․ Ալիևի խոստացած՝ ադրբեջանցիների վերադարձը Կովսականի «խելացի գյուղ» հետաձգվում է


Ցանկալին իրականություն չդարձավ․ Ալիևի խոստացած՝ ադրբեջանցիների վերադարձը Կովսականի «խելացի գյուղ» հետաձգվում է
Հունվար 16 18:00 2022

Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խոսում են Արցախի գրավյալ տարածքներ «մեծ վերադարձի» մասին։ Սակայն իրադարձությունները ընթացքը ցույց է տալիս, որ այն դեռևս բավական ժամանակ տեղի չի ունենա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու պետական քարոզչամեքենան պարբերաբար ներկայացնում էին, որ ադրբեջանցիներն առաջինը կվերադառնան Արցախի գրավյալ Կովսականի (Զանգիլան) շրջանում կառուցվող «խելացի գյուղ»։ Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ պարբերաբար նշում են, որ գյուղի շինաշխատանքներն ավարտվում են և շուտով այն շահագործման կհանձնվի։

«Հաջորդ տարվա հունվարին Զանգիլանի «խելացի գյուղը» պատրաստ կլինի»,- 2021 թվականի հուլիսին հայտնել էր Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը։ Արդեն 2022-ի հունվարի կեսն է, սակայն Աղալի-1, Աղալի-2, Աղալի-3 գյուղերի տարածքում կառուցվող նոր գյուղում ադրբեջանցիների բնակեցման մասին տեղեկություններ չկան։

«Թուրան»-ը հիշեցնում է, որ 2021-ի ապրիլին Ալիևը կարգադրել էր աշխատանքային խումբ ստեղծել տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ «խելացի գյուղի» հայեցակարգը մշակելու համար։ Խմբի ղեկավարը տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարն է, իսկ ծրագրի գլխավոր պատվիրատու է նշանակվել Գյուղատնտեսության նախարարությունը։ 2021-ի 6 ամիսների ընթացքում «խելացի գյուղ» ծրագրի իրագործման համար Գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 10,8 մլն մանաթ։ Նախարարությունն էլ իր հերթին պայմանագիր է կնքել նախագծի գլխավոր կատարողի՝ ադրբեջանական «AS Group Investment» ընկերության հետ։

Այն, որ ծրագրի իրականացման հետ կապված խնդիրներ կան, պարզ էր դարձել դեկտեմբերի վերջին շինարարությունում աշխատող բանվորների բողոքների շնորհիվ։ Նրանք բողոքում էին աշխատավարձերի չվճարումից։ Աշխատողները պատմել էին, որ խաբված են AS Group Investment-ի վարձած թուրքական ենթակապալառուի կողմից։ Սկանդալի մասին հրապարակումներից հետո աշխատողները ստացել էին իրենց աշխատավարձերն ու Ամանորի տոներից հետո հրաժարվել վերադառնալ Կովսական։ Դեռևս այն ժամանակ կարելի էր ենթադրել, որ աշխատանքների ավարտը մոտ չէ։

Իհարկե, տեղի ունեցող խնդիրների մասին Ադրբեջանի իշխանությունները լռում են։ Պետական լրատվամիջոցերն էլ լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում, որ շինաշխատանքները շարունակվում են։

«Թուրան»-ը գրում է, որ առաջին փուլում 1400 մարդու համար նախատեսված գյուղը չի կարող կառուցվել 6 մասնավոր վիլլայի գնով։ Լրատվամիջոցը նշում է, որ նոյեմբերի 11-ին «Ազերթաջ» պետական ​​գործակալության կայքում հրապարակված մոտ 30 լուսանկարներում պատկերված չեն ոչ միայն 200 բնակելի շենքեր, նույնիսկ 50 տներով լուսանկարներ չկան։ Երկրի Հանրային հեռուստաընկերության տեսաֆիլմում չկա մի կադր, որում երևա կառուցված առնվազն 100 տուն։

Շինարարներից Սահավյատ Իսմայիլովը, որն աշխատել է Կովսականում ու աշխատանքից ազատվել աշխատանքային օրենսդրության խախտման պատճառով, լրատվամիջոցին պատմել է, որ առաջիկայում չի կարող գյուղը շահագործման հանձնվել։

«Այնտեղ աշխատում է առնվազն յոթ հարյուր ինժեներ և բանվոր։ Աշխատանքների վաղաժամկետ ավարտի մասին խոսք լինել չի կարող, լավագույն դեպքում՝ պետությանն ամեն ինչ կհանձվի 7-8 ամսից»,- ասել է Իսմայիլովը։ Ավելի վաղ նա նաև պատմել էր գյուղից խաբված աշխատողների զանգվածային հեռանալու մասին։

«Թուրան»-ը նշում է, որ Գյուղատնտեսության նախարարությունից իրենց զանգերին չեն պատասխանել։ Հունվարի 6-ին էլ AS Group Investment-ի ներկայացուցիչ Գյունել Ալիևան նամակ է ստացել լրատվամիջոցից 7 հարցով՝ ծրագրի ֆինանսավորման, աշխատողների թվի, նրանց խաբելու պատճառների և այլնի վերաբերյալ, սակայն պատասխան դեռ չի ստացվել։ Ուշագրավ է, որ Ադրբեջանը մի «խելացի գյուղ» էլ փորձում է կառուցել Վարանդայի շրջանում, որը մասշտաբներով Աղալիից մեծ է լինելու։ Այս գյուղն էլ խոստացել են շահագործման հանձնել այս տարեվերջին, ինչը դարձյալ անիրատեսական է։

Էմմա Չոբանյան

© factor.am



loading...