Երկնային ծնունդդ շնորհավոր, պարոն հրամանատար. Դուք ազգային հերոս էիք մինչ այդ կոչումը ստանալը


Երկնային ծնունդդ շնորհավոր, պարոն հրամանատար. Դուք ազգային հերոս էիք մինչ այդ կոչումը ստանալը
Հունվար 15 00:34 2022
Գնդապետ Վահագն Ասատրյանը 5 ռազմական բուհ էր ավարտել, ՀՀ Զինված ուժերի հատուկ նշանակության զորամասի հրամանատարն էր։
44-օրյա պատերազմին գնդապետ Ասատրյանը փայլուն մասնակցություն ունեցավ. Շահումյանի շրջանից մինչև Հադրութ ու Ջրական։ Հրամանատարը բոլոր որոշումներն անձամբ էր կայացնում և հաճախ ինքն էլ էր գլխավորում գրոհները։ Ամեն գրոհից առաջ ռացիայով կապ էր տալիս. ‹‹Սպեցնա՛զ, առա՛ջ…››: Ու այդ ձայնը ռացիայով լսում էին ոչ միայն սպեցնազի տղերքը, այլև տարածքի մյուս ստորաբաժանումները, ու բոլորի մոտ ոգևորություն էր առաջանում. ‹‹Ասատրյան Վահագնը էս տարածքում ա, մենք խնդիր չունենք››։
Ռադիոհետախուզական տվյալների համաձայն՝ պատերազմի առաջին իսկ օրից թշնամին Ասատրյանին է փնտրել ռազմաճակատի ողջ երկայնքով ու հրաման է եղել. «Որտեղ կլսեք Վահագնի պազիվնոն ու կտեղորոշեք, անմիջապես Սմերչով կխփեք»։ Բայց հրամանատարը չէր վախենում։ Չէր վախենում, որովհետև իրավունք չուներ. բոլորն իրեն էին նայում։
Գնդապետ Վահագն Ասատրյանը զոհվեց հոկտեմբերի 12-ին, Հադրութի համար մղվող մարտերում։ Թշնամին տեղորոշել էր նրան, Սմերչով հարվածել, բայց հաջողության չէր հասել, ու ստիպված գործի էին դրել ավիացիան։ Իր զոհվելուց մեկ օր հետո Հադրութն ընկավ...
Ծառայակից սպաներից Վարդան Վարդանյանը պատմում է, որ, պատերազմի օրերին Խանձաձոր գյուղում հրամանատարական կետ էին ձևավորել։ Երեկոյան Ասատրյանն առաջադրանքից վերադառնում ու տեսնում է, որ զինծառայողներն իր անկողնում են քնած: Վարդանյանն ասում է. «Արթնացնենք տղերքին, որ քնես, հանգստանաս», բայց Վահագնը թույլ չի տալիս, պառկում է գետնին ու այդպես քնում։
Վահագն Ասատրյանը հետմահու արժանացել է «ՀՀ Ազգային հերոս» բարձրագույն կոչմանը, բայց ինքն հայրենիքի նվիրյալ ու ազգային հերոս էր մինչ այդ կոչումը ստանալը։
Այսօր գնդապետ Ասատրյանի ծննդյան օր է։ Երկնային ծնունդդ շնորհավոր, պարոն հրամանատար, ծնունդդ շնորհավոր, հերոս հայորդի։