Արտակարգ դեպք Երևանում. հետախուզվողին վնասազերծելու ժամանակ պարեկները իրենց վրա հարձակվողների դեմ արցունքաբեր գազ են կիրառել. ձեռնաշղթայված հետախուզվողն էլ դիմել է փախուստի


Արտակարգ դեպք Երևանում. հետախուզվողին վնասազերծելու ժամանակ պարեկները իրենց վրա հարձակվողների դեմ արցունքաբեր գազ են կիրառել. ձեռնաշղթայված հետախուզվողն էլ դիմել է փախուստի
Նոյեմբեր 29 01:19 2021

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ ծառայություն կատարելու ժամանակ, Իսակովի պողոտայում նկատել են հանդիպակած երթևեկող ավտոմեքենա:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները ձայնային ազդանշանի միջոցով փորձել են ավտոմեքենան կանգնեցնել, սակայն վարորդը՝ չենթարկվելով պարեկների օրինական «կանգ առ» հրահանգին, շարունակել է երթևեկությունը դեպի Բաբաջանյան փողոց, այնուհետև Շերամի փողոցով ուղևորվել է դեպի Հաղթանակ (ժողովրդին հայտնի 4-րդ գյուղի) թաղամասի տներից մեկի բակ:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, պարեկները պարզել են, որ վարորդը Երևանի բնակիչ, 30-ամյա Հարություն Ա.-ն է, ով ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից գտնվում է հետախուզման մեջ:

 
 

 

 

Այդ ժամանակ պարեկները փորձել են նրան բերման ենթարկել ոստիկանության մոտակա բաժին, սակայն նշված տանից դուրս են եկել 2 հոգի՝ կին և տղամարդ ու սկսել քաշքշել պարեկներին՝ խոչընդոտելով վերջիններիս աշխատանքին:

 

 
Գ. Շամշյանի տեղեկություններով, պարեկները մի քանի անգամ հորդորել են այդ մարդկանց, որպեսզի չխոչընդոտեն իրենց աշխատանքին, սակայն այդ մարդիկ իրենց ձեռքերում խոհանոցային «չափաջախով» շարունակել են խոչընդոտել:
 
Ու այդ ժամանակ պարեկները օգտագործել են արցունքաբեր գազ և հետախուզվողին հագցրել են ձեռնաշղթա:
 
Դրանից հետո նորից շարունակվել է քաշքշուկը և օգտվելով քաշքշուկից, ձեռնաշղթայված հետախուզվողը դիմել է փախուստի:
 
Արդեն ժամը 03:30-ի սահմաններում, Հաղթանակ թաղամասից՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկվում 64-ամյա Ս.Ա-ն և 65-ամյա Լ.Ա-ն:
 
Որոշ ժամանակ անց ոստիկանության Մալաթիայի բաժնից նրանք բաց են թողնվել:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, «Հաղթանակ» թաղամասում հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել հետախուզվող Հարություն Ա.-ին: Վերջինս ոստիկանության Մալաթիայի բաժնից ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին՝ shamshyan.com



loading...