«Նիկոլ Փաշինյանն օդանավակայանից պետք է ԱԺ գա, ներկայացնի իր գործողություններն ու հրաժարական տա». Է. Ղազարյան


«Նիկոլ Փաշինյանն օդանավակայանից պետք է ԱԺ գա, ներկայացնի իր գործողություններն ու հրաժարական տա». Է. Ղազարյան
Նոյեմբեր 25 14:15 2021
 

«Այսօր այն օրն է, երբ ուղիղ մեկ տարի առաջ, հայ ժողովրդի թշնամու որոշմամբ, հայ ժողովրդի թշնամական ուժերը զավթեցին Քարվաճառի շրջանը:

Ի դեպ ասեմ, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությամբ նախատեսված էր, որ դա պետք է լինի նոյեմբերի 15-ին, բայց ամսաթվերի խորհուրդը պահել սիրող մարդը  որոշեց, որ դա պետք  է լինի Քարվաճառը ազատագրողի, ազգային հերոսի ծննդյան օրը»,- այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանը:

«Ես կարծում եմ, որ այն հարցերը, որոնք դրված են այսօրվա օրակարգում և այն հայտարարության տեքստը, որը ներկայացվել է, հնարավոր չէ սպառել 4 ժամվա քննարկումների արդյունքում: Ես չեմ կարող ինձ իրավունք վերապահել  նախաձեռնություն վերցնել իմ ձեռքը, բայց կարող եմ առաջարկել նախաձեռնության հեղինակներին, որ այս քննարկումը դարձնենք 24 ժամ տևողությամբ:

Վաղը Ռուսաստանում կարևոր հանդիպում է նախատեսված, և միգուցե ավանդույթի համաձայն, ռուսական սանիտարահիգիենիկ ծառայություններն այսօր բավականին մեծ նախապատրաստական աշխատանք ունեն իրականացնելու:

Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը օդանավակայանից պետք է ԱԺ գա և այստեղ հանրությանը ներկայացնի իր բոլոր  գործողությունները՝ ոչ միայն կատարված, այլ նաև պլանավորվող, և դրան պետք է հաջորդի նրա հրաժարականը»,- հայտարարեց  էդգար Ղազարյանը: