Անձը պետք է անպայման ընկնի կոմայի մեջ, որ հասկանան լուրջ խնդրի հետ գործ ունեն. Չարչյանի փաստաբան


Անձը պետք է անպայման ընկնի կոմայի մեջ, որ հասկանան լուրջ խնդրի հետ գործ ունեն. Չարչյանի փաստաբան
Սեպտեմբեր 25 20:40 2021

Անհասկանալի էր դատարանի որոշումը խափանման միջոցի հետ կապված: Այս մասին այսօր` սեպտեմբերի 25-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց պրոֆեսոր, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Ճիշտն ասած սպասելի էր դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասով դատարանի որոշումը, որովհետեւ, այո,  նախադրյալներ կար դատաբժշկական փորձաքննություն նշանակելու եւ պարզեու, թե արդյոք առկա են կառավարության որոշմամբ սահմանված հիվանդություններ, որոնք անհամատեղելի են  կալանավորման հետ: Բայց անհասկանալի էր դատարանի որոշումը խափանման միջոցի հետ կապված: Անհասկանալի էր այն հանգամանքով պայմանավորված, որ խափանման միջոցի որոշում հետաձգելու առումով, անկեղծ ասա, ես գործնականում առաջին անգամ եմ տեսնում: Խափանման միջոցի որոշումը պետք է  կայացվի անհապաղ եւ դրան տրվի լուծում, այսինքն կամ փոխվում է խափանման միջոցը, կամ չի փոխվում: հետաձգել մինչեւ էական հանգամանքների պարզումը խափանման միջոցի տեսնկյունից, առաջին անգամ եմ տեսնում: Չեմ հասկանում, թե դատարանը այս որոշումը ինչպես է իրավական ակտով պատճառաբանելու»,- ասաց նա:Փաստաբանը հայտնեց, որ հետագա քայլերը կորոշեն դատարանի որոշումն ամբողջական ստանալուց հետո եւ կասկած չունի, որ կբողոքարկեն այն:

Էրիկ Ալեքսանյանը նշեց, ոև փորձաքննությունը բավական երկար ժամանակ է պահանջելու, այն կտեւի մոտ 2 ամիս, ինչն էլ կարող է շատ ուշ լինել մարդու առողջության համար:

«Այսինքն ի՞նչ է նշանակում, անձը պետք է անպայման ընկնի կոմայի մեջ, առողջական վիճակը պետք է վատթարանա, որ նոր պետությունը հասկանա, որ լուրջ խնդրի հետ գործ ունեն: Իմ ամբողջ ասածն այսօր այն էր, որ մենք թույլ չտանք ուշացված արդարադատություն, մեզ պետք չի ուշացված արդարադատություն, մենք արդեն տեսանք ուշացված արդարադատության արդյունքը, էս է իրենց մարդասիրությունը, սահմանադրությամբ ամրագրված  առողջության իրավունքի բարձր արժեքը»,-ասաց փաստաբանը` ընդգծելով, որ Չարչյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում:

Նշենք, որ Չարչյանի պաշտպանները որպես գրավի չափ նշել են 20 միլիոն ՀՀ դրամը։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Մեկ օր անց Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Հավելենք, որ Արմեն Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, եւ այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ:



loading...