Քաղաքացին բողոքում է. հարեւանը մետաղյա ճաղերով փակել է իր տան հիմնական մուտքը


Քաղաքացին բողոքում է. հարեւանը մետաղյա ճաղերով փակել է իր տան հիմնական մուտքը
Սեպտեմբեր 23 11:07 2021

Արդեն քանի օր է Երևան քաղաքի Չոլակյան 22 տան բազմազանդամ ընտանիքի անդամների համար փակվել է իրենց տուն մտնելու համար հիմնական մուտքի դուռը: Այդ քայլի հեղինակը ըստ ընտանիքի անդամների իրենց հարևան Նառա Ասլանյանն է, ով փորձում է տիրանալ այդ հողակտորին, որը կադաստրային քարտեզով համարվում է ընդհանուր օգտագործման տարածք:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, տան սեփականատերը՝ Լիլյա Գևորգյանը, մետաղյա ճաղերի այն կողմից, ասաց, որ իրենք խնդրի վերաբերյալ դիմել են տարածքային ոստիկանության բաժին, Երևանի քաղաքապետարան, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, բայց միայն քաղաքապետարանից են այսօր ներկայացուցիչներ եկել, սակայն ոչ մի հուսադրող պատասխան չեն տվել:

Նա հավելել է, որ նման բան եղել է մեկ տարի առաջ էլ, սակայն այն ժամանակ իր երջանկահիշատակ ամուսինը ճաղերը պոկել ու բացել է ճանապարհը, ինչի համար էլ նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել:

Նրանք խնդրեցին իրավապահ մարմինների անհապաղ արձագանքը, քանի դեռ բետոնապատում չի կատարվել: