Հայկ Մարությանը բոյկոտել է Փաշինյանի կազմակերպած «գունագեղ տոնակատարությունը»


Հայկ Մարությանը բոյկոտել է Փաշինյանի կազմակերպած «գունագեղ տոնակատարությունը»
Սեպտեմբեր 21 19:57 2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր՝ Անկախության օրվա տարեդարձին նվիրված շնորհավորական ուղերձում մի ուշագրավ հետգրություն է արել` նշելով, որ այս օրերն իր ընտանիքի հետ անցկացնում է Արցախի Հանրապետությունում:

Փաստորեն, Մարությանը դրանով է բացատրում  գունագեղ տոնակատարությանը ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի կողքին չգտնվելու հանգամանքը: Սակայն, ավելի հավանական է, որ Մարությանը պարզապես կրկին անգամ չի ցանկացել ՔՊ-ի և Փաշինյանի հետ մասնակցել հանրային մեծ միջոցառմանը: Ընդհանրապես վերջին 1,5 տարիների ընթացքում Մարությանը ցուցադրական դիստանցիա է պահում իր քաղաքական թիմից, որն էլ չի թաքցնում իր դժգոհությունը և բացահայտ քաղաքապետի այլ թեկնածուի փնտրտուքների մեջ է: Մարությանն էլ իր հերթին առիթը չի կորցնում հայտարարելու համար, որ հրաժարականի դիմում գրելու որևէ միտք չունի:

Մարությանը չէր մասնակցել նաև Փաշինյանի մարտի մեկյան հավաքին: Ավելին` նա քաղաքապետարանի ռեսուրսները չի ներդրել` այդ  հավաքին «գլխաքանակ» ապահովելու համար: Միեւնույն ժամանակ, ասել է, որ թաղապետարանների վրա ազդեցություն չունի` ինչ կանեն, թող անեն: Մարությանի այսպիսի դիրքավորումը Երեւանի ավագանու իմքայլականների շրջանում բավական «ծանր են տարել»: Ի դեպ Մարությանի բացակայությունը բացատրվեց նրանով, որ քաղաքապետը այդ օրը շատ կարևոր աշխատանքային օրակարգ ուներ:

 
 

Ուշագրավ մեսիջ է նաև այն, որ Մարությանը ընդգծում է՝ որտեղ է գտնվում` Արցախի Հանրապետությունում: Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները պատերազմից հետո խուսափում են Արցախ այցելելուց և Մարությանի՝ Արցախում գտնվելու հանգամանքի շեշտադրումը բնավ էլ պատահական չէ: