Ադրբեջանական զինծառայողները գողացել են 8 կով և 1 ցուլ


Ադրբեջանական զինծառայողները գողացել են 8 կով և 1 ցուլ
Օգոստոս 3 23:38 2021

Ադրբեջանական զինծառայողները գողացել են ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` նշելով, որ ս ահազանգերը ստուգված են:

«Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2021 թվականի օգոստոսի 3-ի ահազանգերով պարզել է, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն գյուղի վարչական տարածքում՝ անմիջապես գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող արոտավայրում 2021 թվականի հուլիսի 26-ին արածացնելու են տարել գյուղի երկու ընտանիքին պատկանող 4 կովեր:

Կենդանիներն, արածելով, հասել են գյուղի վարչական տարածքում գտնվող «Յուրդեր» անվամբ արոտավայրը և մոտեցել ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքին: Ըստ ահազանգերի՝ դրանից հետո ադրբեջանական զինծառայողները կենդանիներին կապել են իրենց հատվածում, թույլ չեն տվել վերադառնալ և, բնակիչները շուրջ 5 օր իրենց բնակելի տան դիմացի սարից հեռադիտակով տեսել են, որ կենդանիները գտնվում են «Ջամբար» կոչվող տարածքում, իսկ օգոստոսի 1-ի դրությամբ կենդանիներն արդեն անհետացել են:

Նշված դեպքից բացի, 2021 թվականի օգոստոսի 2-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ևս մեկ ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղի բնակիչը գյուղի 3 ընտանիքի պատկանող 6 խոշոր եղջերավոր կենդանիների (1 ցուլ, 5 կով) 2021 թվականի հուլիսի 14-ին արածացնելու է տարել գյուղին պատկանող՝ շուրջ 1.5 կմ հեռավորության վրա գտնվող արոտավայր:

Գյուղի բնակիչը, կարճ ժամանակ հեռացել է արոտավայրից և վերադառնալուն պես հայտնաբերել, որ կենդանիներից 5-ը չկան, իսկ կովերից մեկը ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող կողմից վերադառնում է՝ պարանը գլխին կապած (ինքը կենդանիներին առանց պարան է արածացնելու տարել):

Հեռվում նկատել է, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները դեպի իրենց խորքը քշում կենդանիներին:

Նշված երկու դեպքերում էլ տեղի ունեցածի մասին բնակիչները տեղեկացրել են գյուղերի վարչական շրջանների ղեկավարներին:

 

Դեպքերի մասին տեղյակ են պահվել նաև ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչները և ՌԴ սահմանապահները: Կենդանիների վերադարձման ուղղությամբ տարվող բանակցությունները օգոստոսի 3-ի դրությամբ արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինծառայողները հրաժարվում են վերադարձնել կենդանիներին՝ պատճառաբանելով, թե նրանք իրենց մոտ չեն:



loading...