Սյունիքի ոստիկանապետը ծեծել է Սուրիկ Խաչատրյանի տան տարեց պահակին՝ հենց ոստիկանության շենքում. հարուցվել է քրեական գործ


Սյունիքի ոստիկանապետը ծեծել է Սուրիկ Խաչատրյանի տան տարեց պահակին՝ հենց ոստիկանության շենքում. հարուցվել է քրեական գործ
Օգոստոս 3 21:26 2021

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի կողմից Սուրիկ Խաչատրյանի տան պահակի նկատմամբ ոստիկանության բաժանմունքում բռնություն գործադրելու վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՔԾ-ից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։

Դեպքից օրեր անց Սուրիկ Խաչատրյանի տան պահակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի և նրա հետ 2 այլ անձանց կողմից Ոստիկանության Գորիսի բաժնում իրեն հարվածելու, ստորացնելու և նվաստացնելու վերաբերյալ:

«Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը, ոստիկանի համազգեստը հագին, 2 օր շարունակ հոգեպես նվաստացրել, խոշտանգել է, ամենաայլանդակ գործողություններ է նկարագրել, թե ինչ կանի հենց Ոստիկանության շենքում 69 տարեկան թոշակառուի հետ, եթե վերջինիս չստորագրի 2021թ. հուլիսի 13-ին Գորիսում տեղի ունեցած դեպքի հետ կապված, հավանաբար իր համար երանելի բովանդակությամբ ցուցմունքը»,- հայտնել էր փաստաբան Արթուր Պիվազյանը։

ՀՔԾ-ից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ կազմակերպված խմբի կազմում՝ պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով ապացույցները կեղծելու համար։

Աղբյուր` Փաստինֆո



loading...