Ազդանշան Երևանին. ինչո՞ւ Թուրքիան հայտարարեց Ադրբեջանի հետ համատեղ բանակ ստեղծելու մասին, ապա հերքեց դա. Свободная Пресса-ի անդրադարձը


Ազդանշան Երևանին. ինչո՞ւ Թուրքիան հայտարարեց Ադրբեջանի հետ համատեղ բանակ ստեղծելու մասին, ապա հերքեց դա. Свободная Пресса-ի անդրադարձը
Հուլիս 31 14:25 2021

Ռուսական Свободная Пресса պարբերականն անդրադարձել է օրերս մեդիատիրույթում տարածված, ապա հերքված տեղեկությանն առ այն, որ  Բաքուն և Անկարան պատրաստվում են համատեղ բանակ ստեղծել: Աղբյուրը, ներկայացնելով փորձագիտական կարծիքներ, փորձել է հասկանալ` ինչ է թաքնված այս հերքման հետևում:

Չորեքշաբթի՝ հուլիսի 28-ին, Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը տեղեկացրել է, որ Բաքուն և Անկարան քննարկում են համատեղ թյուրքական բանակ ստեղծելու հարցը: Այս գաղափարն իբր արտահայտել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը: Սակայն բավականին արագ ադրբեջանական Sputnik-ը հերքել է սեփական հաղորդագրությունը: Հրապարակման մեջ պարզաբանվել է, որ Մուստաֆա Շենթոփը չի նշել թյուրքական համատեղ բանակի ստեղծման բանակցությունների մասին, և ուղերձը բացատրվել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի խոսքերի սխալ թարգմանությամբ. քաղաքական գործիչը խոսել է միայն համատեղ զորավարժությունների մասին:

Սխալը սխալ, բայց այդպիսի հրապարակումներն ակամա առաջացնում են այն միտքը, որ դա դիտավորյալ «արտանետում» է՝ պարզելու համար, թե որքան մոտ են Բաքուն և Անկարան, գրում է աղբյուրը:

Թուրք քաղաքագետ պրոֆեսոր Իսմայիլ Թոգրուլը ռուսական լրատվամիջոցներին տված մեկնաբանության մեջ ասել է, որ առայժմ խոսքը համատեղ միջոցառումների կամ կառույցների մասին է, որոնց ստեղծման մասին նշվել է 2021 թվականի հունիսի 15 -ին Բաքվի և Անկարայի ստորագրած Շուշիի հռչակագրում:

Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վիկտոր Նադեին-Ռաևսկին կարծում է, որ նման «արտանետումը» հարևան պետությունների, հատկապես Ռուսաստանի արձագանքն ուսումնասիրելու Անկարայի փորձն է.«Թուրքերն արդեն իրենց ինքնաթիռներն ունեն Ադրբեջանի տարածքում: Իսկ անօդաչու թռչող սարքերը, որոնք մենք տեսանք Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ, ակնհայտորեն չէին կառավարվում ադրբեջանցիների կողմից, քանի որ նրանք չունեն բավարար քանակությամբ պատրաստված մասնագետներ: Սրանք Թուրքիայի ներկայացուցիչներն էին, գեներալի գլխավորությամբ, որոնք փորձարկում էին բոլոր համակարգերը: Այնպես որ, սա նոր պատմություն չէ: Ինչ վերաբերում է համատեղ բանակի խնդրին, ապա խոսքն այսպես կոչված «Թուրանի բանակի» մասին է: Այս գաղափարը հայտարարվել է մի քանի տարի առաջ և քննարկվում է երկար ժամանակ: Թուրքիան նման շահ ունի, քանի որ դա թույլ կտա վերահսկողություն հաստատել բոլոր թյուրքալեզու պետությունների, և հաստատ ՀԱՊԿ մի քանի անդամների նկատմամբ: Առայժմ սա պարզապես խոսակցություն է, բայց կան նաև կոնկրետ քայլեր: 

Եթե ստեղծվի միացյալ թյուրքական բանակ, Ադրբեջանն ամբողջովին կկորցնի վերահսկողությունը իր զինված ուժերի վրա` չնայած, որ արդեն Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի գլխավոր շտաբը գլխավորում էր թուրք գեներալ: Համենայն դեպս, երեք փորձառու թուրք գեներալներ իրականացրեցին բոլոր հիմնական գործողությունները, իսկ ադրբեջանական բանակի 200 թուրք սպաներ գործնականում ղեկավարում էին ստորաբաժանումները: Փաստորեն, սա արդեն այս համատեղ բանակի նախատիպն էր: Եվ ես չեմ լսել, որ թուրք խորհրդականները լքել են ադրբեջանական զորքերի շարքերը: Այսպիսով, այս գաղափարը պարզապես փաթաթված չէ, այլ գաղափար է, որն իսկական մարմնացում է ստացել: 

Միասնական բանակի մասին լուրերը, իհարկե, փորձ են ստուգելու հարևան պետությունների, առաջին հերթին ՝ Ռուսաստանի արձագանքը: Սա չի կարելի անտեսել, քանի որ բոլորը հասկանում են, որ դժվար թե Մոսկվան ողջունի այս սցենարը: Ավելին, այդ մտադրությունների ագրեսիվությունն ակնհայտ է, և Թուրքիայի շահերը տարածվում են ոչ միայն տարածաշրջանի թյուրքալեզու պետությունների, այլև Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա՝ հին պանթուրքական գաղափարների շրջանակներում»:

Ռազմական փորձագետ Ստանիսլավ Տարասովը այս լուրը համարում է ազդանշան Երևանին, որտեղ կարող է ցանկություն առաջանալ վերանայել Ղարաբաղյան վերջին պատերազմի արդյունքները. «Մեկ ազգ, երկու պետություն» հասկացությունը նոր չէ, ինչպես համատեղ զինված ուժեր ստեղծելու գաղափարը, բայց այն այժմ սկսել է առաջին պլան գալ այն ֆոնի վրա, որ Անկարան և Բաքուն վախենում են Երևանում ուժերի հայտնվելուց, որոնք կփորձել վերախաղարկել Ղարաբաղյան պատերազմի արդյունքները և վերաշարադրել 2020-ի նոյեմբերի համաձայնագիրը: Այս լուրը հստակ ազդանշան է, ուստի Թուրքիան նման հայտարարություններ է անում, ապա հերքում դրանք:

Անկարան փորձում է ամբողջ ուժով տեղ գտնել Անդրկովկասում, ինչը և անում է ընդհատվող հաջողություններով: Թուրքիան չի ներառվել 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրում, չնայած նա հանդես եկավ որպես Ռուսաստանի սպարինգ գործընկեր: Այսօր Մոսկվան ջանքեր է գործադրում համաձայնագրերի գործնական իրականացումը սկսելու համար: Հետևաբար, նման լուրերը խորհրդանշական հռետորաբանություն են և Թուրքիայի կողմից վրեժխնդրության հավանական կողմնակիցներին հասկացնելու փորձ, որ Անկարան պատրաստ է միջամտել սրացման դեպքում»:



loading...