Նիկոլ Փաշինյանը մեղադրեց նաև ՄԽ համանախագահներին


Նիկոլ Փաշինյանը մեղադրեց նաև ՄԽ համանախագահներին
Հունիս 10 16:48 2021

Սպիտակ քաղաքում Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Սերժ Սարգսյանի տարածած բանակցային գործընթացի վերաբերյալ ձայնագրությանը։

«Երեկ հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել. նախորդ 24 ժամը Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ականները սպառնում էին, որ ջախջախիչ կոմպրոմատ են հրապարակելու, և երեկ իրենք այդ կոմպրոմատ կոչվածը, ձայնագրությունը, որտեղ ես եմ խոսում, հրապարակեցին: Եվ հիմա ես ինչքան հետևել եմ արձագանքներին, հանրությունը մի փոքր տարակուսած է: Նրանք հարց են տալիս, ասում են՝ հիմա այս ձայնագրությունով չհասկացանք՝ Սարգսյանն ուզում էր վնա՞ս տալ Փաշինյանին, թե՞ օգուտ:

Եվ հարցը, անկեղծ ասած, շատ լեգիտիմ է, որովհետև այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին և ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, մեր այն պատմությունը, որը վերջին 7 ամսվա ընթացքում ամենատարբեր հարթակներից մենք ներկայացրել ենք մեր ժողովրդին: Ինչի մասին է այդ պատմությունը, սիրելի ժողովուրդ: Առաջինը՝ նրա մասին, որ 2018-ի մայիսին Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը մենք, ես ժառանգել ենք փակուղային, դեֆորմացված վիճակում:

Եվ որն է եղել ամենակարևոր պրոբլեմն այդ պահի դրությամբ, ամենակարևոր պրոբլեմը եղել է այն, որ միջնորդները հետագա զարգացումների և կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ, ըստ էության,   արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ արտահայտել է Ադրբեջանը: Բայց շատ կարևոր է արձանագրել, որ դա 2018-ին չէ, որ տեղի է ունեցել: Դա տեղի է ունեցել շատ ավելի վաղ, ես խոսել եմ այդ մասին:

Խոսելով 2016-ի հունվարի իրադարձությունների մասին և ասելով, որ այն ժամանակ ես վարչապետ չէի, և ոչ մեկը չէր հավատում, որ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է,  միջնորդները ՀՀ-ին, ըստ էության, պայման են ներկայացրել՝ հրաժարվել ԼՂ միջանկյալ կարգավիճակի գաղափարից, ինչը նշանակում է, որ հարցը դրված է եղել այսպես. նախկինում գոյություն ուներ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձև, հետո գոյություն ուներ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձև, 2016-2018 թվականները  ձևակերպվեց և 2016-ի Ապրիլյան պատերազմով ամենավերին աստիճանի լրջացավ «տարածքներ՝  ոչ մի բանի դիմաց» բանաձևը:

Եվ մենք 2018-ին բանակցային գործընթացը ժառանգել ենք մի իրավիճակում, երբ որ սեղանի վրա դրված է եղել «տարածքներ՝  ոչ մի բանի դիմաց» բանաձևը: Եվ շատ կարևոր է արձանագրել, որ միջնորդները, միջազգային հանրությունը… եթե բացվել է այս խոսակցությունը, ուրեմն պիտի մինչև վերջ ասել, միջազգային հանրությունը, որի վրա մենք երկար տարիներ հույս ենք ունեցել, ահա այդ միջազգային հանրությունը, ըստ էության, մեր առաջ դրել է խնդիր՝ վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց: Ես ԱԺ ամբիոնից էլ եմ ասել, որ շատ է խոսվում այն մասին, որ «տարածքներ՝  ոչ մի բանի դիմաց» բանաձևն ունեցել է «5+2» բանաձև: Իրականում «5+2» բանաձև գոյություն չի էլ ունեցել, որովհետև այդ 2-ը ՀՀ-ի համար պրոցես է ինչ-որ իմաստով՝ հետաքրքիր, գայթակղիչ դարձնելու մեջ էր հարցը: Եվ այդ 2-ը այն պահեստային հատվածն էր, որով այս տարբերակը պետք է ֆորմալ առումով զիջվեր հետագայում՝ Ադրբեջանի համար ընդունելի դարձնելու: Հետևաբար, պետք է արձանագրենք, թե իրադրության զարգացման ինչ հնարավորություն կար 2018-ի մայիսի դրությամբ. առաջին՝ «տարածքներ՝  ոչ մի բանի դիմաց» բանաձևը, երկրորդ՝ ներքին տեղահանվածների անվան ներքո ադրբեջանցիների վերադարձ ԼՂ: Իսկ որտեղ պետք է վերադառնային,  սարերում, անտառներում էին ապրելո՞ւ,  ապրելու էին այնտեղ, որտեղև ապրել էին շարժման մեկնարկից առաջ: Եվ հետո ի՞նչ,  հետո ոչ մի բան, կապրենք՝ կտեսնենք: Իսկ հետո մենք ապրում և տեսնում ենք Նախիջևանը: Սա է ամբողջ պատմությունը»,- մանրամասնել է նա և հաշվի առնելով պստերազմի ծանրությունը, բազմաթիվ զոհերի առկայությունը՝ նշել՝ պատասխանատու է մի հարցի պատասխանելու համար՝ արդյոք կար մի պատուհան, արդյոք կար մի հնարավորություն, որ մենք որևէ փոխզիջումային լուծման գնանք և խուսափենք այս ամենից:

Այնուհետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է, որ Սերժ Սարգսյանի ձայնագրությունը հնարավորություն տվեց բացել ամբողջ խոսակցությունը:

«Իսկ ինչի՞ մասին է այդ խոսակցությունը: Էլի եմ ասում, որ միջնորդները, որոնք այս բանակցային գործընթացը պետք է տանեին կարգավորման, ըստ էության, ձևակերպել են Ադրբեջանի մոտեցումները և վեկտորալ ուղղությունը՝ որպես բանակցային հետագա գործընթացի զարգացում: Ես ասեցի՝ 2018-ի այս պատմությունը 2016-ին է սկսել, բայց եզրափակիչ մասն է 2016-ին սկսել: Իրականում այս պատմությունը սկսել է 1998-ին, երբ ՀՀ ղեկավարի որոշմամբ, ԼՂ-ն, որը 1998-ին ուներ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ բանակցային կողմի, և դա Արցախյան առաջին պատերազմի ամենամեծ և շոշափելի հաջողությունն էր, և որը շատ անկյունաքարային նշանակություն ուներ ԼՂ կսրգավիճակի հետագա ճշգրտման համար:

Ահա այդ կարգավիճակը 1998-ին Ռոբերտ Քոչարյանի անձնական որոշմամբ զիջվեց, և Ղարաբաղը զրկվեց միջազգայնորեն ճանաչված իր միակ կարգավիճակից: Եվ սա ես չեմ ասում, սրա մասին հրապարակային ասել է ֆրանսիացի համանախագահող Բեռնար Ֆասիեն: Սրա մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ավելին, այստեղ չի կանգնել պրոցեսը, եթե նույնիսկ այդտեղ կանգներ, արդեն ամեն ինչ շատ վատ էր, որովհետև անդառնալիորեն կորսված էր Արցախյան առաջին պատերազմում մեր նահատակների արյունով ձեռք բերված ամենակարևոր արդյունքը: Մեր զոհերի, նահատակների արյունը 1998-ի այդ որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի վաճառեց սեփական իշխանության դիմաց: «Ղարաբաղ՝ իշխանության դիմաց» բանաձևը գործի դրվեց  1998-ին, հաջորդ փուլով մեջտեղ բերվեց Մեղրին փոխանակելու, կամ ավելի ճիշտ՝ Մեղրին Ադրբեջանին հանձնելու՝ Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը, որի համատեքստում Շուշին անջատվեց բանակցային բովանդակությամբ ԼՂԻՄ-ից, դրվեց Լաչինի, ինչպես Վարդան Օսկանյանն էր ասում՝ «օկուպացված տարածքների» հետ նույն շարքում: 1999-ի այդ խայտառակ փաստաթղթի մեջ առաջին անգամ պաշտոնապես ձևակերպեց  «Ղազախի շրջանի տարածքներ» արտահայտությունը: Եվ, ըստ էության, այո, հիմա կարող ենք ասել, որ Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը իրենց կյանքերի գնով փրկեցին Մեղրին: Եվ երրորդը՝ 1999-ի նոյեմբերի 30-ին Ռոբերտ Քոչարյանը կողմ քվեարկեց Եվրոպայում անվտանգության ստամբուլյան խարտիային, որը դիվանագիտական լեզվից թարգմանելու կարիք էլ չկա: Նշանակում է՝ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այսինքն՝ լինել Ադրբեջանի կազմում»,- շարունակեց Փաշինյանը՝ հավելելով, որ 3 տարի ուժերի ներածին չափով պայքարել են, որ այդ ծրագիրն իրականություն չդառնա:

«Այդ ձայնագրությունը հրապարակում են և մոռանում պատասխանել մի հարցի՝  բա ի՞նչ եղավ, որ ասում էիք՝ Դուբայում 5 միլիարդ դոլարով հողերը ծախել է, տվել է: Բա ի՞նչ եղավ էդ 5 միլիարդը, բա ի՞նչ եղավ էդ հողերը ծախելու թեման: Հիմա էլ հակառակի մեջ են մեղադրում, հիմա էլ հողերը չտալու մեջ են մեղադրում»,- շեշտեց Փաշինյանը:

 



loading...