Armlur.am-ը գրում է. «2022 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արկադի Փելեշյանը՝ Ակա մականունով, որը հայտնի է քրեական պատմություններով։ Փելեշյանը, վանաձորցիների համոզմամբ, ձախողել է քաղաքի կառավարումը. դժգոհություն է դժգոհության հետեւից։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է վերլուծել Փելեշյանի հայտարարագիրը, սակայն քրեական գործերի էջերն ավելի ծավալուն դուրս եկան։
Նա Վանաձորում կայացած վերջին ՏԻՄ ընտրություններում Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության առաջին համարն էր, իսկ այս կուսակցությունը ընտրություններում զբաղեցրել էր 3-րդ տեղը՝ հավաքելով 4 810 ձայն։
Փելեշյանը Վանաձորի համայնքապետ փորձել էր դառնալ նաեւ 2016-ին՝ «Հայկական վերածնունդ»՝ նախկին «Օրինաց Երկիր» կուսակցության միջոցով, սակայն այդ ընտրություններում էլ հաղթեց ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը։
Իսկ վերջին՝ 2021 թվականի ընտրություններին, Վանաձորի ավագանիում 15 մանդատ ստացավ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, 9-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, 5-ը՝ Արկադի Փելեշյանի ՀԱՍԿ-ը, երկուական մանդատ ստացան «Հայրենիք» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները։ Մանդատների թվով ու դասավորությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը չէր կարողացել ձեւավորել մեծամասնություն ավագանիում, իսկ ընտրություններից օրեր անց Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց ու կալանավորվեց՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ու կեղծիք կատարելու հնարովի մեղադրանքով։ Հետագայում խորհրդարանական մեծամասնությունը քվեարկեց մի նախագծի օգտին, որով հնարավորություն տրվեց վարչապետին նշանակել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Այստեղ էլ Ակայի բախտը բերեց․ նա նշանակվեց Վանաձորի քաղաքապետի ԺՊ եւ պաշտոնավարում է մինչ օրս:
Իսկ ի՞նչ ունեցվածք ունի Վանաձորի համայնքապետը.
Արկադի Փելեշյանի հայտարարագիրը շատ համեստ է։ Ըստ փաստաթղթերի՝ նա ունի ընդամենը 1 անշարժ գույք՝ հասարակական նշանակության շինություն, որը ձեռք է բերել 2021 թվականին Վանաձոր համայնքում։
Համայնքապետն անգամ բնակարան չունի, չունի նաեւ տրանսպորտային միջոց, բակային ավանդներ, իսկ բանկային հաշիվները դափ-դատարկ են։
Նրա կանխիկ դրամական միոցները կազմել են 5 մլն դրամ, իսկ հաշվետու տարվա եկամուտները՝ 5 մլն 37 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմից։
Արկադի Փելեշյանի քրեական գործերը.
«Դատալեքս» տեղեկատվական հարթակի համաձայն՝ Փելեշյանը 2008-ին դատապարտվել էր խուլիգանության համար։ Մասնավորապես, նա հարբած վիճակում իր ընկերների հետ մուտք էր գործել Վանաձորի մի խանութ, վիճաբանել ու քաշքշել խանութի աշխատակիցներին, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ջարդել խանութի ալկոհոլային խմիչքները:
Խուլիգանության համար հարուցված քրեական գործի դատական քննության ժամանակ Վանաձորի նորանշանակ համայնքապետը զղջացել էր, ընդունել մեղքը ու խնդրել արագացված դատաքննություն։ Դատարանը որոշել էր 150 000 դրամով տուգանել Փելեշյանին այս արարքի համար։
Արկադի Փելեշյանը 2016-ին էլ հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ, ծեծի էր ենթարկել Հայ ավետարանչական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին՝ մեղադրելով վերջինիս ՏԻՄ ընտրություններում իրեն չսատարելու համար։ Ռաֆիկ Գրիգորյանը պատմել էր, որ Փելեշյանը 15 հոգու ուղեկցությամբ մոտեցել էր իրեն, առանձնացել նրա հետ, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել ու սկսել հարվածել։ Ծեծից հետո հարուցվել էր քրեական գործ, Փելեշյանը բերման էր ենթարկվել, սակայն գործը կարճվել էր, քանի որ տուժած հոգեւորականը բողոքը հետ էր վերցրել։
Ըստ «Դատալեքս»-ի տվյալների՝ «ՍԵՖ ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը քաղաքացի Աշոտ Մարկոսյանին տրամադրել էր 16 000 դոլար, սակայն վարկառուն պատշաճ չէր կատարել պարտավորությունները։ Վարկային գործարքի համար երաշխավորներից մեկը Փելեշյանն էր, եւ վարկային կազմակերպությունը նաեւ վերջինիցս պահանջել էր բռնագանձել 7 500 դոլար։
2016-ին էլ Փելեշյանը «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկից ստացել էր 2 380 դոլար, սակայն Փելեշյանը պատշաճ չէր կատարել բանկային պարտավորությունները, ու դատարանը վճռել էր նրանից բռնագանձել 1 330 դոլար։
Կարճ ասած՝ օրենքի ու օրինականության հետ պրոբլեմ ունեցող մարդ, որին Նիկոլ Փաշինյանը հանդուրժում է, իսկ Գյումրու քաղաքապետին՝ հետապնդում»։