«Նիկոլ, հարևան պետության ղեկավարը քեզ սարքել ա արդեն պոլի փալաս, ինչ ասես ասում ա, մի հատ պատասխանի, գոնե ժողովուրդը մի քիչ հանգստանա». Քաղաքացի


«Նիկոլ, հարևան պետության ղեկավարը քեզ սարքել ա արդեն պոլի փալաս, ինչ ասես ասում ա, մի հատ պատասխանի, գոնե ժողովուրդը մի քիչ հանգստանա». Քաղաքացի
Ապրիլ 16 19:16 2021

Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Չնայած սա դեռ հաստատված փաստ չէ, քանի որ ըստ Սահմանադրության՝ ընտրությունների օրը նշանակվում է ՀՀ նախագահի հրամանագրով: Այդուհանդերձ, 168.am-ն այսօր Երևանի տարբեր փողոցներում անցկացված հարցման միջոցով քաղաքացիներից հետաքրքրվեց՝ մասնակցելո՞ւ են հնարավոր ընտրություններին, ո՞ւմ են վստահում՝ իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը, ո՞վ կարող է լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները՝ վերադարձնել գերիներին, երկիրը հանել ստեղծված ծանր իրավիճակից:

«Չեմ մասնակցելու ընտրություններին: Վախենում եմ: Բոլորին վստահում եմ՝ և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, Ձեզ էլ եմ վստահում: «Վստահել»-ը չակերտների մեջ եմ ասում, բայց Ձեզ իրականում եմ վստահում, հուսով եմ՝ չեմ սխալվում: Չեմ տեսնում մեկին, ով կարող է երկիրը հանել ստեղծված իրավիճակից»,- ասաց մի տղամարդ:

«Ես մասնակցելու եմ, ընտրելու եմ Ռոբերտ Քոչարյանին»,- ասաց անցորդներից մեկը:

«Այո, մասնակցելու եմ: Որոշել եմ՝ ում եմ ընտրելու, Ձեզ ասե՞մ, չեմ ուզում ասել: Վստահում եմ, իհարկե, իշխանությանը»,- ասաց մեկ այլ տղամարդ:

«Դեռ չեմ կողմնորոշվել՝ մասնակցելո՞ւ եմ, թե՞ ոչ: Դեռ չեմ տեսնում այն մարդուն, ով կարող է երկիրը ստեղծված իրավիճակից հանել, գերիներին հետ բերել, գուցե ընտրությունների ժամանակ, երբ գա այդ ժամանակը, տեսնենք, թե ովքե՞ր են ուզում մասնակցել, նոր կորոշենք: Հասկանում եմ, որ գործող իշխանության համար շատ դժվար է, շրջապատված են ներքին թշնամիներով, բայց գործող իշխանությունը պետք է ավելի հրամայական թելադրի ամեն ինչ, որ ճիշտ լինի, ամեն դեպքում ժողովուրդը հավատացել է այս իշխանությանը, և ես շատ ուզում եմ, որ առաջնահերթ մեր դատարաններում օրենքն աշխատի: Ես ինքս նախորդ իշխանությունների ժամանակ գործ եմ ունեցել դատարանի հետ, և փաստացի դատարաններում օրենքը չի աշխատել: Ես գիտեմ, որ նախկինում շատ մարդիկ երկիրը լքել են զուտ նրա համար, որ դատական համակարգը չի աշխատել, օրենք չկա, մարդիկ փախել են անօրեն երկրից, և բոլոր հարցերը Հայաստանում կլուծվի, եթե օրենքը գործի, և ներկա իշխանությունը պետք է դրա վրա մեծ ուշադրություն դարձնի: Իհարկե, գործող իշխանությունները թերություններ ունեն, վճռական չեն, բայց տեսնենք, թե ինչ կլինի»,- ասաց մի կին:

«Չէ, չեմ մասնակցելու»,- ասաց անցորդներից մեկը:

«Տուն տվեք՝ մասնակցենք: Ես Արցախից եմ եկել, Հադրութից, ոչ մեկին չեմ վստահում, մենակ ինքս ինձ վրա եմ հույսս դրել: Թող մեկը հելնի տեր կանգնի իր երկրին, ժողովրդին, տեր կանգնո՞ւմ է ինչ-որ մեկը, բոլորիս հանել, բերել, լցրել են ստեղ, ոչ մեկը տեր չի կանգնում, ո՞ւմ ընտրեմ, ինչի՞ համար: Նախարարությանն ասել ենք, որ վարձ ենք տալիս 30.000, դիմում ենք, մերժում են, ինչի՞ համար, օնլայն հայտը լրացրել ենք, ասում են՝ նկարը պարզ չի, չգիտեմ ինչ չի, ու տենց չեն տալիս, հիմա գնում եմ տեսնեմ՝ ինչո՞ւ չեն տալիս:  Թող ինչ-որ մեկը ծրագիր ներկայացնի, մեզ թեկուզ հույս տա, որ մարդիկ նորից էլի հույսով ապրեն, որ կարողանան իրենց, իրենց երեխեքի ապագան տեսնել, կրթություն չկա, ոչ մի բան չկա, ո՞ւմ ընտրես: Թող մեկը ծրագիր ներկայացնի, տենանք, եթե նորմալ մեկը կլինի, կընտրենք, եթե չէ, ապա պիտի թողնենք գնանք երկրից, չնայած այնպես չէ, որ մենք չենք ուզում մնանք, մեր երկիրը պահենք»,- ասաց Արցախից Հայաստան եկած մի կին:

«Չեմ մասնակցելու, չեմ ուզում»:

«Այո, մասնակցելու եմ: Ընտրելու եմ ոչ իմքայլականներին: 2-3 տարի է՝ սրանք երկիրը քանդում են, պատերազմում պարտվեց, 5000 զոհ տվեց, 10.000 վիրավոր, սրանք իրավունք չունեն իրանց իշխանություն կոչել: 3 տարի է՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մի լավ բան չի արել, հոգեկան հիվանդ մարդն իրավունք չունի երկիրը ղեկավարել, նույնն էլ՝ իր թիմակիցները, ովքե՞ր են էսօր Ազգային ժողովում՝ Անդրանիկ Քոչարյան, Արման Բաբաջանյան, Մակունց, Ալեն Սիմոնյան, ովքե՞ր են դրանք, որ կարան ժողովրդի համար ինչ-որ մի լավ բան անեն: Իրենք նստած են Հայաստանը ծախելու համար, Արցախը ծախեցին, Նիկոլի առաջին ծրագիրը Արցախը ծախելն էր, երկրորդը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնել, երրորդը, կներեք, այլասերվածությունը Հայաստանում զարգացնելը: Հիմա մի նպատակ է մնացել, Զանգեզուրի միջանցքը ծախեն, պրծնեն:

Էսօրվա դրությամբ երկրի ղեկավարը պիտի լինի ուժեղ ձեռք, փորձ ունեցող, որ կարողանան էս ճգնաժամից հանել: Հիմա ոչ թե անդունդի եզրին կանգնած ենք, այլ անդունդի մեջ ենք: Ես զարմանում եմ, երկրի ղեկավար ես, հարևան պետության ղեկավարը քեզ սարքել ա արդեն պոլի փալաս, ինչ ասես ասում ա, մի հատ պատասխանի, գոնե ժողովուրդը մի քիչ հանգստանա, էլի, ինչ ասես ասում ա Ալիևը Փաշինյանին, ու ոչ միայն Փաշինյանին, հայ ազգին: Հայ ազգը չի պարտվել, պարտվել է իշխանությունը, իրանց անփորձ լինելով, ի՞նչ ա նշանակում՝ հին գեներալներից պիտի ազատվենք, հին գեներալներից որ ազատվեց, նորը ո՞վ ա: Ես էսօր իրեն հարց կտայի, կասեի՝ Նիկոլ, դու ինչի՞ համար գենշտաբի պետի տեղակալին հանեցիր, հետո էլ՝ գենշտաբի պետին, պատճառը ի՞նչն է, չի կարա ինքն էդ հարցին պատասխանի, ո՞նց թե Իսկանդերը 10 %-ով է պայթել, դու դրանով մեր հարաբերություններն ես ռուսի հետ զրո սարքում, արդեն սարքել ա, Ռուսաստանի հետ զրո ենք, Պարսկաստանի հետ զրո ենք, նույնը՝ Չինաստանը:

Չինաստանն էսօրվա դրությամբ Պարսկաստանում 450 մլրդ դոլարի ներդրում ա անում, բա տենց պետությունից կարելի՞ ա ձեռք քաշել, ոչ: Ես լավ գիտեմ, որ ինքն էսօր էլի ռուսի հետ չի, ձևացնում է, իրա նպատակն ա՝ Հայաստանը կործանի, Ղարաբաղը կործանեց: Մարդը, ղեկավարը, եթե իրա ազգի պատմությունը չի իմանում, նա չի կարա երկիր ղեկավարի: Փիրումյան եղբայները, գեներալ Փիրումյանը, որ եկել են Սարդարապատում կռվել իրանց ջոկատով, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղից էին, բայց էսօրվա դրությամբ Նիկոլն էդ մարդու ծննդավայրը ծախեց ադրբեջանցուն: Ես սրանց ղեկավար չեմ տեսնում, իմքայլականները պետք է թողնեն, հեռանան ասպարեզից»,- ասաց մի տղամարդ:

«Չեմ մասնակցելու: Ես թեկնածու չեմ գտնում որպես մեր երկրի ղեկավար: Ո՛չ իշխանությանն եմ վստահում, ո՛չ ընդդիմությանը: Իմ երեխեն զոհվել ա պատերազմում, ես շատ հիասթափված եմ մեր կառավարությունից, ընդհանրապես: Ես իրենց չեմ էլ ընտրել»,- ասաց մի կին:

«Մասնակցելու եմ: Դեռ չեմ որոշել, թե ում եմ իմ ձայնը տալու: Հիմա այդքան էլ պարզ չեմ պատկերացնում, թե ո՞վ կարող է մեր երկիրը ստեղծված իրավիճակից հանել, որովհետև, իրոք, դժվար իրավիճակում ենք հայտնվել, ու պետք է հայրենանվեր մեկը, ով չի մտածի մենակ իր մասին, այլ բոլորիս մասին կմտածի, կփորձի մեր երկիրն ինչ-որ առումով լավ վիճակի բերել: Չեմ վստահում ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը»,- ասաց անցորդներից մեկը:

«Մասնակցելու եմ, ընտրելու եմ կառավարությանը: Վստահում եմ գործող իշխանությանը, լավատես եմ: Վերջին 3 տարում իմ կյանքը դեպի լավը դեռ չի փոխվել: Պատերազմի մասին հարցին ես ստույգ չեմ կարա պատասխանեմ, որովհետև ես ռազմագետ չեմ, բայց որ լավատես եմ, լավատես եմ: Թանկացումներ որոշ ապրանքների վրա նկատել եմ, մի 40 տոկոս է ազդում դա մեր ընտանեկան բյուջեի վրա, աշխատավարձի բարձրացում դեռ չի եղել»,- ասաց մի տղամարդ:

«Չեմ մասնակցելու ընտրություններին, պատճառը ֆիկտիվ գործընթացներին մասնակցելու չցանկությունս է: Վստահություն չունեմ ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության նկատմամբ: Իմ կարծիքով՝ երկիրը ստեղծված իրավիճակից կարող է հանել Միքայել Մինասյանը»,- ասաց մեկ այլ անցորդ:

«Մասնակցելու եմ, ինքս ինձ համար որոշել եմ, թե ում եմ ընտրելու»:

«Մասնակցելու եմ: Դեռ չենք որոշել, թե ում ենք ընտրելու, որովհետև չգիտենք՝ ում ընտրենք, դեռ չգիտենք, թե ով կարող է երկիրն այս իրավիճակից դուրս հանել: Գործող իշխանության նկատմամբ վստահություն չունենք, իրենց չենք էլ ընտրել, էլի չենք ընտրելու»,- ասաց մի կին:

«Չեմ մասնակցելու: Ցանկություն չունեմ: Վստահություն չունեմ ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության նկատմամբ»:

«Չեմ մասնակցելու, ինչի՞ համար գնամ, իմաստը ո՞րն է, իմաստ չեմ տեսնում»:

«Ընտրություններին մասնակցելու եմ, որոշել եմ, թե ում եմ ընտրելու, դա իմ անձնական գաղտնիքն է: Իշխանության նկատմամբ վստահություն ունեի, բայց հիմա կարծես թե մի քիչ փոխվել է: Չեմ տեսնում, թե ո՞վ կարող է երկիրը հանել ստեղծված իրավիճակից, ես հենց այնպես պետք ա մասնակցեմ: 30 տարի ընտրել ենք, ու վերջում մի ձև խաբված ես դուրս գալիս, չեմ տեսնում, իրոք չեմ տեսնում»,- ասաց անցորդներից մեկը:

«Ի՞նչ ընտրություն, հունիսի՞: Չեմ մտածել՝ մասնակցելո՞ւ եմ, թե՞ ոչ: Ոչ մի բան չգիտեմ, ոչ էլ հետաքրքրվում եմ, Նիկոլին շատ էի սիրում, հիմա չգիտեմ, չեմ ուզում ասել՝ սիրում եմ, կամ չեմ սիրում»:

«Մասնակցելու եմ, վստահում եմ, միանշանակ իշխանությանը: Իմ կարծիքով՝ նրանք արդարացրել են սպասելիքները, բայց ավելի շատ ինքդ քեզանից է կախված, թե դու ինչպես կապրես: Պատերազմն ուղղակի տվյալ ժամանակահատվածում տեղի ունեցավ, արդեն էնքան էր սահմանը հասել, որ կոտրվեց այդ ժամանակահատվածի վրա, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Վերջին 3 տարում իմ կյանքը դեպի լավը փոխվել է: Թանկացումներ ինչ-որ չափով նկատել եմ, այդքան էլ շատ չի ազդում մեր ընտանեկան բյուջեի վրա: Աշխատավարձի բարձրացում ունեցել եմ, բայց այնտեղ, որտեղ ես եմ աշխատում, պետական կառույց չի համարվում»:

«Մասնակցելու եմ, բայց դեռ չեմ որոշել, թե ում եմ տալու ձայնս: Իշխանության նկատմամբ վստահություն չունեմ, իսկ ընդդիմությունից՝ նայած թե ով կառաջադրվի, առաջադրվողներից է կախված: Բոլորի պես խաբված եմ եղել, ստախոսությունը պատճառ դարձավ, որ էլ չեմ վստահում իշխանությանը, ապաշնորհ, ապիկար բառերը հենց իրենց համար են ստեղծված, խայտառակություն է»,- ասաց մի տղամարդ:

«Մենք սիրիահայ ենք, դեռ չենք մասնակցել որևէ բանի: Մենք ուզում ենք, որ լավ լինի, ով եղել է, որ կազմակերպությունը որ եղել է, ժողովրդին հետաքրքրում է լավ լինելը: Չեմ կարող ասել՝ Փաշինյանն է լա՞վ, թե՞ որևէ այլ մեկը, պետք է տեսնենք, ժամանակը ցույց կտա»:

«Մասնակցելու եմ, դեռ չեմ որոշել, թե ում եմ ընտրելու, ո՛չ իշխանության նկատմամբ վստահություն ունեմ, ո՛չ ընդդիմության»:

Մանրամասները՝ տեսանյութում

 



loading...