Հայաստանի իշխանությունները ուղղակի առեւտրով են զբաղված ադրբեջանական կողմի հետ. Արցախցի պատգամավոր


Հայաստանի իշխանությունները ուղղակի առեւտրով են զբաղված ադրբեջանական կողմի հետ. Արցախցի պատգամավոր
Ապրիլ 11 20:23 2021

Իշխանությունները գիտեին, որ դատարկ է ինքնաթիռը եւ սա եւս մեկ անգամ ազգին իրար խառնելու նպատակ ուներ, նաեւ ուղղելու դեպի պաշտպանության նախարարություն, որովհետեւ արդեն անհետ կորածների ծնողները հավաքված էին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` անդրադառնալով օրերս գերիների վերադարձի հետ կապված միջադեպին:

«Տեղի ունեցավ այն, ինչ սպասելի էր: Այն մարդիկ, ովքեր պատկերացնում են իրականությունը եւ սթափ են նայում, պետք է հասկանային, որ զարմանալու ոչինչ չկա, որովհետեւ մոտ 5 ամիս է անցել այս խայտառակ կապիտուլյացիայի ստորագրումից հետո, եւ առ այսօր մեր հայկական երկու պետությունների ղեկավարները երկիրը հանձնած, դավաճան իշխանություններն են, եւ բնականաբար նրանք իրենց ընտրած ուղին չէին փոխելու եւ շարունակելու էին։ Հիմա իրենց այս գործելաոճը փոխվել է այնքանով, որ արդեն ներքին լարվածությունն է գնալով ուժեղանում։ Նախ ինքնաթիռը, որը դատարկ վերադարձավ, այսինքն առանց գերիների եւ բոլորն էին ասում, որ խումբ է վերադառնալու։ Մի քանի րոպե կարողացա ինձ համոզել, որ նայեմ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը։ Առաձին իսկ րոպեից նա իր ոճի մեջ ներողություն խնդրեց, մեկնաբանեց, որ իբր ինքը տեղյակ չէ, որ դատարկ է ինքնաթիռը։ Եթե նույնիսկ նա ճիշտ է ասում, ինչը իհարկե այդպես չէ, նա դրանով փաստեց իրենց տկար եւ ոչինչ լինելը։ Բնականաբար նա ստում էր, իրենք տեղյակ էին, որ դատարկ է ինքնաթիռը եւ սա եւս մեկ անգամ ազգին իրար խառնելու նպատակ ուներ, նաեւ ուղղելու դեպի պաշտպանության նախարարություն, որովհետեւ արդեն անհետ կորածների ծնողները հավաքված էին, միացան նաեւ գերիների ծնողները, եւ կատարվեց այն, որ մարդիկ, ովքեր իրենց զավակներին պետք է պահանջեին իշխանություններից, պահանջում են բանակից։ Ի՞նչ կապ ունի բանակը գերիների վերադարձի հետ։ Եւ ամբողջ աշխարհին Հայաստանի իշխանությունը ցույց տվեց, որ մենք ունենք այնպիսի ղեկավարներ, որոնք իրենց սեփական ժողովրդից փախնում են ուղղաթիռով, բոլոր հնարավոր միջոցներով, այսինքն մեր բանակը, զինվորական ղեկավարությունը թույլ է։ Այսինքն` սրանով նրանք եւս մի բան ցույց տվեցին` իրենց տերերին»,- ասաց նա։

Պատգամավորի կարծիքով` Մուրադովի արձագանքը շատ նորմալ էր, նրա ձայնում նույնիսկ զայրույթի նոտաներ կային։

«Սա առաջին դեպքն էր, որ նա քաղաքական վերլուծություն կատարեց, չնայած, որ երբեք չի խառնվում նաեւ Արցախի քաղաքական կյանքին։ Նա իր այդ մեկ նախադասությամբ հասկացրեց, որ շատ լավ տեղյակ էին իշխանությունները եւ հերթական անգամ մոլորեցրին ազգին։ Որպեսզի իշխանությունները սրանից եւս պաշտպանվեին, նորից շեղեցին հանրության ուշադրությունը եւ սկսեցին մեղքը բարդել ռուսական կողմի վրա, որ ռուսական կողմն է պատասխանատու գերիների վերադարձի համար, բայց չէ որ այդ փաստաթղթի տակ կա Հայաստանի վարչապետի ստորագրությունը, այն փաստաթղթի, որի մեջ հստակ նշված է գերիների վերադարձի մասին, եւ գերիները ամենաուշը նոյեմբերի ընթացքում պետք է վերադարձած լինեին հայրենիք»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանի կարծիքով` սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները ուղղակի առեւտրով են զբաղված ադրբեջանական կողմի հետ. «Գերիները առանց որեւէ պայմանի որպեսզի վերադառնային, հենց այդ պայմանները մեր իշխանությունները մեր ազգի առջեւ են դրել, քանի որ միանշանակ այս անգամ ավելի ակնհայտ ցույց տվեցին, որ իրենք համագործակցում են թշնամու հետ՝ ցույց տալով ազգին, որ ինչ-որ բան է ուզում թշնամին՝ Կարմիր շուկայի ճանապարհը, Մեղրին։ Նրանք խոսք էին տվել պատերազմի ընթացքում հանձնել Կարմիր շուկան, սակայն դա իրենց մոտ չստցվեց եւ հիմա խաղալով գերիների եւ անհետ կորածների հարազատների զգացմունքների հետ, ասում են, որ գերիների վերադարձի դիմաց ինչ-որ պահանջներ կան այն դեպքում, երբ հաստատ չկա այդպիսի բան, եւ սա իրենց նախաձեռնությունն է թշնամական կողմի հետ»։

Պատգամավորը հավելեց, որ Հայաստանի իշխանությունները լռության են մատնում այդ լուրերը, բայց Արցախի նախագահը դարձել է իր խոսնակը եւ նրա շուրթերով հնչեցնում են հակառակորդի հոխորտանքները։

«Արցախի նախագահն էլ ժամանակ առ ժամանակ մտնում է իր դերի մեջ, որում էր 44-օրյա պատերազմի ընթացքում, ժամանակ առ ժամանակ հոխորտում է, անհասկանալի կոչեր անում։ Այդ կոչերը բնականաբար արցախցուն չեն ուղղված, որովհետեւ արցախցին ապրում է այստեղ եւ բնականաբար տեսնում է իրականությունը, նա այդ ստերը ասում է Արցախից դուրս ապրողների համար եւ դա նույնպես նա անում է որպես պատվեր։ Ամեն բան հիմա կախված է նրանցի, թե ինչպես կլուծվի դավաճան իշխանությունների հարցը»,- ընդգծեց նա: