5 իրեր, որոնք այլևս երբեք դուրս չեն գա նորաձևությունից


5 իրեր, որոնք այլևս երբեք դուրս չեն գա նորաձևությունից
Մարտ 21 23:48 2021

Նորաձև և ոճային տեսք ունենալ ցանկացող աղջիկների թիվ մեկ հարցը վերջին շրջանում այդքան արագ փոփոխվող նորաձևության շրջանում այն է` արդյոք այս կամ այն իրը հնարավոր կլինի երկար կրել, թե այդ հագուստը կունենա մեկ սեզոնի կյանք և կդիտվի որպես անիմաստ «ներդրում»: Մենք առանձնացրել ենք 5 իրեր, որոնք արդեն համարվում են դասական և այլևս երբեք չեն դիտվի որպես հակաթրենդ: Գնելով այս հագուստների որակյալ և, ինչու ոչ, թանկ տարբերակները, դուք կկարողանաք դրանք կրել բավականին երկար և միշտ լինել անչափ նորաոճ:

Ուղիղ ձևվածքով վերարկու.

Միդի կամ մաքսի երկարությամբ զգեստապահարանի այս ունիվերսալ իրը տասնամյակներ շարունակ նորից ու նորից տեղ է գտնում նորաձևության տների հավաքածուներում առանց կտրուկ փոփոխությունների և հարմար է կրել յուրաքանչյուր ոճի հագուստի և կոշիկների հետ:

 
 
 

Պիջակ.

Ժամանակակից կնոջ զգեստապահարանում շատ հաճախ կհանդիպեք տղամարդու «ուսից» վերցված իրեր, որոնք ժամանակի հետ դարձել են հենց կանանց համար դասական մոդելներ և նրանց բազային զգեստապահարանի մասն են: Դրանցից է պիջակը, որի տարբեր ձևերը գեղեցիկ են նայվում տարիներ ի վեր:

Սպիտակ վերնաշապիկ.

Դե, ինքներդ գիտեք, այս հագուստի տարրը ունիվերսալ է բոլոր առումներով բոլորի համար անկախ սեռից, տարիքից, սոցիալական դիրքից և մասնագիտությունից: Հարմար է ունենալ գոնե երկուսը` այն դեպքերի համար, երբ չգիտես ինչ կրել: Իսկ վերնաշապիկը երեկոյան լուքի մեջ կրելու համար մենք պարզապես խորհուրդ կտայինք կրել այն բարձրակրունկներով և կարմիր շրթներկով:

Տաբատով կոստյում.

Վերջին տարիներին այդքան նորաձև դարձած մոնոխրոմ թրենդը, որը ենթադրում է հագուստի միատոն լինելը, էլ ավելի ամրապնդեց տարիներ առաջ տղամարդու զգեստապահարանից «գողացած» այս հագուստի անհրաժեշտությունը կնոջ պահարանում: Այն ունիվերսալ է նրանով, որ կրելով տաբատով կոստյում դժվար է սխալվել և ոճային լուք չստանալ:

Կաշվե բաճկոն.

Էլվիս Պրեսլի… ահա թե ում ենք պարտական հագուստի այս էլեմենտը այդքան նորաձև դարձնելու և հանրայնացնելու համար: Սակայն ժամանակակից աշխարհում այն դադարել է լինել ռոք’ն’ռոլի կամ ռոքային սուբմշակույթի տարր միայն: Հագուստի այս տեսակը պարտադիր է ունենալ հատկապես երիտասարդ աղջիկներին, քանի որ այն հեշտ է համադրվում թե’ դասական, թե’ սպորտային ոճի հագուստների հետ: