Ճանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում


Ճանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում
Նոյեմբեր 9 11:42 2026

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:40-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։Վրաերթից հետո «Mercedes»-ը բախվել է ճանապարհին տեղադրված  ցուցանակին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ դաշտամիջյան հատվածում։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են պարեկները։

 

Դեպքի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի, մահացածի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։