Ցորենի արտի նման լցվեց Եռաբլուրը․ մոմավաճառ Իսկուհի տատը՝ տեսածի ու ապրածի մասին (տեսանյութ) Tert.am


Ցորենի արտի նման լցվեց Եռաբլուրը․ մոմավաճառ Իսկուհի տատը՝ տեսածի ու ապրածի մասին (տեսանյութ) Tert.am
Հունվար 26 00:41 2021

Իսկուհի Սոսիկյանն արդեն 8 տարի է՝ աշխատում է Եռաբլուրում: Եռաբլուրի մոմավաճառն է: Մասնագիտությամբ երաժիշտ Իսկուհի տատն 8 տարիների ընթացքում շատ բան է տեսել: Ասում է՝ ցորենի արտի նման լցվեց Եռաբլուրը:

«Շատ ցավոտ է խոսելը: Ցանկացած բառ շատ աղքատիկ է՝ այս ամենը նկարագրելու համար: Եռաբլուրն ինձ համար ուխտատեղի է: Կյանքիս ամենակարևոր պահերին եկել եմ Եռաբլուր. շրջել տղաների մոտ: Եռաբլուրը միշտ ունեմ հոգուս խորքում՝ որպես սրբություն սրբոց», - պատմում է Իսկուհի տատը:

Իսկուհի տատն ասում է՝ զգացմունքները չեն սառում, ու նույնիսկ՝ շատ ավելի ակտիվ են գործում: Բայց մի բան կա, որ տարիների ընթացքում Եռաբլուրում չի փոխվել ու երբեք էլ չի փոխվի՝ թախիծը: 8 տարիների ընթացքում հազարավոր հուղարկավորություններ ու պատերազմից վերադարձած զինվորներ տեսած տիկին Իսկուհին ասում է՝ զինվորների աչքերից ամեն ինչ հասկանում է:

«Ես նայում եմ իրենց աչքերի մեջ ու տեսնում եմ տիեզերքը: Իրենց աչքերն ամեն ինչ ասում են: Նրանք այնքան բան են տեսել: Մահի միջով են անցել, դժոխքն են տեսել, մի ընկերոջ մահն են տեսել, մյուսի՝ անդամահատվելը: Իրենց երեսին ժպիտ չկա, բայց կա խոր իմաստություն», - ասում է տիկին Իսկուհին:

Եռաբլուրում լաց է ու ողբ: Տիկին Իսկուհին ասում է՝ այստեղ անդադար կարելի է տեսնել որդեկորույս մայրերի, որբացած փոքրիկների, այրիացած կանանց ու հարսնացուների, որոնք չհասցրին ամուսնանալ: Իսկուհի տատն ասում է՝ գալիս են, եկեղեցու պատերի տակ լաց լինում:

«Հերոսների ծնողներին շատ լավ գիտեմ, իսկ հերոսները երբեմն եկել են Եռաբլուր՝ իրենց զոհված ընկերոջն այցելության, ու հիմա, ցավոք, ուրիշներն են գալիս հենց այդ հերոսների շիրիմներին: Որդեկորույս ծնողները հերոսներ են: Նրանք կարողանում են իրենց վիշտը սրտում մխիթարել մեկ այլ ծնողի: Եռաբլուրը դարձել է մի մեծ ընտանիք. կորցրածների, զրկվածների ընտանիք», -ասում է տիկին Իսկուհին:

Իսկուհի տատը Եռաբլուրի մասին առանց հուզվելու ոչ մի բառ ասել  չի կարողանում: Ամեն օր մի հերոսի են ճանապարհում դեպի հավերժություն: Իսկուհի տատն ասում է՝ հիմա պիտի լռենք ու գործենք. բոլորս բաց վերքեր ենք, պիտի միմյանց օգնենք ու բուժենք:

Մանրամասները՝ տեսանյութում: