Ինչն է Նարինե Թուխիկյանին պաշտոնից ազատելու պատճառը


Ինչն է Նարինե Թուխիկյանին պաշտոնից ազատելու պատճառը
Հունվար 20 18:58 2021

Նարինե Թուխիկյանը (Խաչատուրյան) ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը։ 

Հետաքրքրվեցինք՝ արդյոք Նարինե Թուխիկյանին աշխատանքից ազատելը կապ ունի երեկ Նկարիչների միությունում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ քաղաքացին վիրավորել էր իշխանությանը, ինչին ի պատասխան` Թուխիկյանը միայն լռել էր, Կամավոսյանն ասաց․ «Չեմ կարծում, որովհետև դիմումը վաղուց գրված կար։ Լրատվականներից մեկի հետ զրույցում նույնիսկ տիկին Թուխիկյանն ասել էր, որ հրաժարականի դիմումը գրել է, բայց խնդրել է որոշ ժամանակ մնալ որոշ ծրագրեր ավարտին հասցնել, նոր հեռանալ»,- նշեց նա։ 

Մեր դիտարկմանը, թե ամեն դեպքում իրադարձությունների հաջորդականությունն այլ բանի մասին է վկայում, Կամավոսյանն ասաց․ «Կարծում եմ՝ կապ գտնելը ճիշտ չէ, որովհետև ինքը վաղուց էր դիմումը գրել և ամեն րոպե հնարավոր էր, որ այն ստորագրվեր վարչապետի կողմից»,- ասաց Կամավոսյանը։ 

Մենք նույն հարցերի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից․ «Ես տեղյակ չեմ, ենթադրում եմ՝ իր դիմումի համաձայն է ազատվել։ Ես ընդհանրապես տեղյակ չեմ՝ ինչ միջոցառում և դեպք է տեղի ունեցել, դրա համար նմանատիպ հարցերն ուղղեք տիկին Թուխիկյանին։ Ես կարող եմ խորհրդակցության լինել և չիմանալ տիկին Թուխիկյանն անձամբ է դիմում գրել, թե ինչ-որ մեկն է նրա փոխարեն գրել»,- նշեց վարչապետի խոսնակը։ 

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Նարինե Թուխիկյանից, սակայն մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին։ 

Հիշեցնենք, որ երեկ ցուցահանդեսի ժամանակ քաղաքացին մոտեցել էր փոխնախարարին և ամոթանք տվել դավաճանների իշխանության ներկայացուցիչ լինելու համար: Փոխնախարարը Yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ չի կարող իրեն համարել քաղաքական թիմի ներկայացուցիչ, ինքը մշակույթի ներկայացուցիչ է։ 

Նկատենք, որ Նկարիչների միությունում տեղի ունեցած տհաճ միջադեպն ու Նարինե Թուխիկյանին պաշտոնից ազատելը հաջորդեցին իրար, ինչից կարելի է ենթադրել, որ հավանաբար Նիկոլ Փաշինյանին վրդովվեցրել է այն փաստը, որ Նարինե Թուխիկյանը չի պատասխանել իրեն «դավաճանների կուսակցության ներկայացուցիչ» անվանած քաղաքացուն և չի պաշտպանել իշխանությանը։



loading...