Փաշինյանը կարո՞ղ էր չստորագրել հայտարարությունը՝ պնդելով, որ նախ պետք է գերիների հարցը լուծվի.Մակունցի մեկնաբանությունը


Փաշինյանը կարո՞ղ էր չստորագրել հայտարարությունը՝ պնդելով, որ նախ պետք է գերիների հարցը լուծվի.Մակունցի մեկնաբանությունը
Հունվար 13 15:34 2021

Նախապես հայտարարությունը հստակ սահմանել է, որ Մոսկվայում  քննարկումներ կարող են ընթանալ ինչպես գերիների վերադարձի, այնպես էլ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ, ինչը տեղի է ունեցել: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը եւ ընդունված հայտարարությանը:

«Դուք տեղյակ եք, որ 4 ժամ տեւած բանակցություններից 3 ժամը նվիրված է եղել գերիների վերադարձին: Ես չեմ կարծում, որ սա այն թեման է, որ որեւէ մեկը պետք է շահարկի, անկախ նրանից լրագրող է, թե մեկ այլ անձ: Նշվել է արդեն, որ դա առաջնայւին հարց է եւ բոլոր ջանքերը բոլոր հնարավոր հարթակներով պետք է գործադրվեն հումանիտար այս հարցը լուծելու համար, ինչը պետք է արվի»,-ասաց նա:

Հարցին, թե որն է պատճառը, որ այլ հարցերի վերաբերյալ ժամկետներ են նշված, իսկ գերիների վերադարձի համար ժամկետներ չկան, Մակունցը պատասխանեց. «Վարչապետը Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում երկու անգամ նշեց գերիների վերադարձի առաջնահերթության մասին: հայտարարության տեքստը, որ ստորագրվեց Մոսկվայում, որեւէ առնչություն չունի եւ չի կարող ունենալ հումանիտար նպատակով առաջադրվող առաջնահերթ խնդիրներին: Այսինքն մեկը մյուսի հետ չպետք է կապել, ինչի մասին նշվել է:

Հայտարարությունը գործողությունների մտադրության մասին է, որտեղ նշված են ժամկետներ, իսկ հումանիտար քայլերը, որոնք  պահանջում են գերիների ամբողջական վերադարձ, այդ ուղղությամբ ջանքերը գործադրվում են:

Վարչապետը նշել է, որ մինչ այդ գերիների հետ կապված հարցը չլուծվի, ապա այդ մտադրությունների իրագործման մեխանիզմներն առաջացնելու են բազմաթիվ դժվարություններ»:

 

Մակունցը հստակ պատասխան չտվեց հարցին, թե արդյոք ՀՀ վարչապետը կարող էր չստորագրել Մոսկվայում այդ հայտարարությունը՝ պնդելով, որ նախ պետք է գերիների վերադարձի հարցը լուծվի. «Հայտարարությունը տեքստ է գործողությունների մտադրության մասին, որտեղ արտացոլված են նաեւ ՀՀ շահերը, բայց դա պետք չի որեւէ կերպ կապել գերիների հարցի հետ»,-ասաց նա: