Եթե ՀՀ մուտք գործող անձն ունի առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ, ապա ազատվում է ինքնամեկուսացման պարտավորությունից. սահմանին գործում են անվտանգության նորմեր


Եթե ՀՀ մուտք գործող անձն ունի առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ, ապա ազատվում է ինքնամեկուսացման պարտավորությունից. սահմանին գործում են անվտանգության նորմեր
Նոյեմբեր 30 17:35 2020

Դեպի ՀՀ ուղևորահոսքի ավելացման համատեքստում՝ «Զվարթնոց» օդանավակայանում լրացուցիչ հերթերից և կուտակումներից խուսափելու համար ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը  կրկին հիշեցնում է՝ Covid-անվտանգության ի՞նչ ընթացակարգ է սահմանված ՀՀ մուտք գործող անձանց համար։ Այս մասին հայտնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։

Ուժի մեջ է ՀՀ կառավարության N 1756-Ն որոշումը, ըստ որի՝

          - Եթե ՀՀ մուտք գործող անձն ունի առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ապա ազատվում է ինքնամեկուսացման պարտավորությունից։

          - Եթե առկա չեն վերը նշված վաղեմության Covid-բացասական թեստ և դա հիմնավորող փաստաթղթեր, ապա անձը պարտադիր պետք է թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։

Չվերթերն աստիճանաբար վերականգնվում են նաև «Շիրակ» օդանավակայանում, ուստի այս առումով ևս տեղեկացնում ենք, որ այնտեղ գործում են Covid-նմուշառման կետեր։ Covid-թեստի պատասխանի առկայությունը ՀՀ մուտք գործող անձի մոտ ստուգում են ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը։ Միաժամանակ նաև ծանուցվում է ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին, և այդ մասին տրվում է համապատասխան ձևի ծանուցագիր՝ ստորագրման, որից հետո միայն ոստիկանության աշխատակիցը թույլատրում է ժամանած անձի ելքը օդանավակայանից։

Երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիների հանդեպ ԱԱՏՄ կողմից սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ)։ Զննության արդյունքներով անձը հոսպիտալացվում է, եթե առկա են համապատասխան ախտանշաններ: