Գնանք, էն ջահելներին մենակ չթողնենք. Ամասիայում հրաժեշտ են տալիս հերոս երկրապահներին


Գնանք, էն ջահելներին մենակ չթողնենք. Ամասիայում հրաժեշտ են տալիս հերոս երկրապահներին
Հոկտեմբեր 22 19:21 2020

Ամասիան լուռ ու քարացած էր: Գլխիկոր բոլորը շտապում էին Սբ. Գևորգ եկեղեցի՝ վերջին հրաժեշտը տալու իրենց կյանքը հանուն Արցախի զոհած համագյուղացիներին:

Похороны председателя Еркрапа Амасии Мушега Карапетяна в церкви Святого Георгия (22 октября 2020). Амасиа

90-ականներից մինչև Ապրիլյան, առաց մի վայրկյան իսկ հապաղելու, մեկնում էին պատերազմ։ Նրանց ոչ մի բան հետ չէր պահում՝ ո՛չ ընտանիքը, ո՛չ երեխաները: Երկրապահ կամավորականների շարքերը համալրած քաջորդիներն այս անգամ էլ թակում էին ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի դուռը՝ պահանջելով իրենց ուղարկել առաջնագիծ՝ երիտասարդների մոտ: Հրամանը ստանալուն պես մեկնեցին՝ հաշվի չառնելով նույնիսկ իրենց տարիքը։

Մուշեղ Կարապետյանը Ամասիայի երկրապահների նախագահն էր: Ազնիվ, հոգատար, անսահման բարի ու կամեցող, բոլորին օգնության ձեռք մեկնող՝ այսպես են համագյուղացիները նկարագրում վաթսունամյա Մուշեղին՝ «փոքրի հետ փոքր էր, մեծի հետ՝ մեծ, սաղին սիրող՝ սաղին հասնող»:

Մուշեղ Կարապետյանի համար հայրենիքի պաշտպանությունը արյան մեջ էր՝ հայրը Մեծ Հայրենականի մասնակից էր, եղբայրներն էլ՝ ազատամարտիկներ:

 

Առաջին անգամ ազատամարտին մասնակցել է 1994-ին՝ Կրասնոսելսկում: Ապրիլյանին ևս չհապաղեց: «Երբ իր կարիքն է ունեցել հայրենիքը, միշտ է շտապել եւ մեկնել առաջնագիծ։ Այս անգամ էլ էր շտապում: Անընդհատ զանգում էր երկրապահ ընկերներին ու հարցնում` մեզ ե՞րբ են կանչելու։ Ասում էր․ «Ամաչում եմ, որ լինելով երկրապահ, ես այստեղ եմ, նրանք՝ այնտեղ, մենք էրեխեքի կողքը պիտի լինենք: Այնքան պայքարեց, մինչև տարան»,-արցունքները հազիվ զսպելով պատմում է կինը՝ Ռուզաննա Լազարյանը։

Հոր հայրենասիրությունը նաև երեխաներին է փոխանցվել՝ նրա որդին ևս առաջնագծում է: «Հոր մահվան լուրն իմաց տվեցին, երեկ եկավ առաջնագծից»: Որդին՝ Արթուրն իր հոր արժանի զավակն է: Կամավոր է: «Ասում էր մինչև չհաղթենք՝ առաջնագծից չեմ գա… Եկավ՝ հորը վերջին հրաժեշտը տալու: Ասում է՝ մա՛մ ջան, մի՛ լացի, պատերազմ է, իմ հայրն էլ հերոս՝ հայրենիքի համար է զոհվել»,-ասում է տիկին Ռուզաննան:

Похороны представителя Еркрапа Амасии Миши Чеченцова в церкви Святого Георгия (22 октября 2020). Амасиа

Մուշեղ Կարապետյանի հետ միասին առաջնագիծ մեկնեց ու հավերժի ճամփան բռնեց զինակիցն ու համագյուղացին՝ 61 տարեկան Միշա Չեչենցովը: Հայրը ռուս էր, մայրը ՝ հայ: Շատերի նման Միշայի պապի-պապին էլ ցարը աքսորել էր Հայաստան: Որքան ռուս, նույնքան էլ հայ էր իրեն համարում, հայի վիշտն ու ցավն էլ՝ իրենը: « Հայաստանաբնակ ռուս էր, հոգով՝ զինվորական, 5 անգամ Ղարաբաղ է մեկնել, այս անգամը վերջինը եղավ; Ասում էի՝ մեծ ես, էլ են ջահելը չես, մի՛ գնա, սաստում էր, ասում էր՝ գնալո՛ւ եմ էն ջահելների կողքին լինեմ, մենք գնանք, որ ջահելները հետ գան»,-դժվարությամբ պատմում է կինը՝ տիկին Լաուրան ավելացնելով. «Ինքը հերոս է, հայրենիքի համար է զոհվել, բայց ես եմ ավիրվել»:

 

Նյութը` armeniasputnik.am-ից:



loading...