Էրդողանի`տարածաշրջանում անկայունություն ստեղծելու փորձերը լուրջ անհանգստություն են առաջացնում Իրանում. Կարեն Վերանյան


Էրդողանի`տարածաշրջանում անկայունություն ստեղծելու փորձերը լուրջ անհանգստություն են առաջացնում Իրանում. Կարեն Վերանյան
Հոկտեմբեր 21 18:43 2020

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանի խոսքով`Իրանի համար չափազանց կարևոր է իր սահմանային անվտանգությունը և բացի այդ, Իրանն  անհանգստացած է Թուրքիայից բերված և իր սահմաններին մոտ տեղակայված ահաբեկիչներով: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Իրանի համար անհանգստացնող է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանին տրամադրված գերժամանակակից հարձակողական նշանակության սպառազինությունը կառավարվում է իսրայելցի մասնագետների կողմից, իսկ դա նշանակում է, որ Իսրայելը ևս ներգրավվել է այս հակամարտությունում:

 

«Իսրայելի ցանկացած ակտիվացում տարածաշրջանում անմիջապես լուրջ արձագանք է ստանում Իրանի կողմից»,- ասաց նա:

Կարեն Վերանյանը մատնանշեց, որ իսրայելական ԱԹՍ-ներից որոշները խոցվում են ոչ թե Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում, այլ հենց Իրանի: «Իսկ դա կարծում եմ՝ հեռահար գնացող սցենար է»,- ասաց նա: Այս օրերին Իրանում տեղի ունեցող ՀՕՊ զորքերի զորավարժություններն էլ, ըստ նրա, իրական վտանգը զգալու, այն զսպելու քայլ են:

 

«Իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ եթե խախտվի իրենց սահմանը,  դիմելու են կոշտ միջոցների: Հիմա հայտարարություններից անցելու են գործի: Միանգամայն պարզ է, որ այդ ԱԹՍ-ները, որ խախտում են Իրանի օդային սահմանը, Ադրբեջանինն են`գնված Իսրայելից: Եվ պարզ է, որ դրանց՝ Իրանում հայտնվելը պատերազմի ժամանակ տեխնիկական խնդիրների պատճառով չէ: Կարծում եմ`և՛ Թուրքիան  կարող է փորձել հրահրել, սադրել, և՛ Իսրայելը»,- ասաց նա:

Փորձագետը նկատեց՝ Իրանից եկող պաշտոնական հաղորդագրությունները մի քանի շերտի կարելի է բաժանել: «Իրանում չեն ցանկանում, որ որևէ կերպ խախտվի այն ուժային հավասարությունը, որը կար թե՛  Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ, և թե՛ ընդհանրապես Հարավային Կովկասում: Եվ այստեղ առաջին ուղերձն ուղղված է հենց Թուրքիային: Էրդողանի` տարածաշրջանում անկայունություն ստեղծելու փորձերը լուրջ անհանգստությունն են առաջացնում Իրանում»,- ասաց նա` միևնույն ժամանակ նշելով, որ ի հակադրություն ԱՄՆ-ի և Իսրայելի, Իրանը, ամեն դեպքում, կփորձի օգտվել իրավիճակից և ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում:

Նա այս համատեքստում հիշատակեց, որ Սիրիայում Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան գնացին նաև եռակողմ ձևաչափով բանակցությունների: «Լեռային Ղարաբաղի դեպքում էլ այս վերջերս հնչեցին հայտարարություններ, որոնք ուղղված էին այդ հնարավոր ձևաչափի քննարկմանը: Կարծում եմ` դա առաջին հերթին Ռուսաստանի կողմից չընդունվեց: Այդ «մեսիջը» հնչել էր ռազմական գործողությունների հենց առաջին օրը. Չավուշօղլուն դիմել էր ռուսական կողմին:»,- ասաց նա:

Ըստ Կարեն Վերանյանի` իհարկե, կա ռիսկ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է նմանվել սիրիականին` հաշվի առնելով տարբեր երկրների ներգրավվածությունը, շահերը: «Այդ մասին գիտակցում է հայկական կողմը: Թուրքիան փորձում է այս տարածաշրջանը Սիրիայի պես վերածել թատերաբեմի և ռազմական գործողությունների ամբողջ տրամաբանությունը տեղայնացնել սիրիական սցենարով: Պատահական չէ, որ Չավուշօղլուն պատերազմի հենց առաջին օրերին ռուսական կողմին առաջարկեց հարցը լուծել ասիական ձևով` երկկողմ ձևաչափով»,- նկատեց նա:

Սակայն, ըստ փորձագետի, ի տարբերություն Սիրիայի կամ Լիբիայի, որտեղ Ռուսաստանը ներգրավված է միջնորդավորված և կարող է գնալ և գնում է երկկողմ կամ եռակողմ բանակցությունների` իրավիճակի պահանջից ելնելով, Հարավային Կովկասը այլ է.  նրա համար այն կենսական շահերի գոտի է: «Այն հանգամանքը, որ այս ամենը տեղի է ունենում Ռուսաստանի համար նման կարևոր տարածաշրջանում, Թուրքիայի շանսերը առաջարկներ ներկայացնելու նվազում են»,- ասաց նա:



loading...