ԱԱԾ-ն բացահայտել է Արաբկիրի նախկին թաղապետի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրման և խարդախության դեպքեր


ԱԱԾ-ն բացահայտել է Արաբկիրի նախկին թաղապետի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրման և խարդախության դեպքեր
Սեպտեմբեր 22 13:43 2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը 2005-2008 թվականների ընթացքում զբաղեցնող պաշտոնատար անձը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելու միջոցով, խարդախությամբ համայնքի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունք, ինչպես նաև ավագանու անդամների հետ նախնական համաձայնությամբ, համայնքի հաշվեկշռում առկա մի շարք անշարժ գույքեր, ձևական աճուրդների կամ ուղղակի վաճառքի միջոցով, շուկայական և կադաստրային արժեքներից անհամեմատ ցածր գներով, օտարել է տարբեր քաղաքացիների, որի արդյունքում համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 300.000.000 ՀՀ դրամի վնաս։

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձը, համայնքապատկան առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներից ելնելով, նախնական համաձայնության գալով համայնքի ավագանու անդամների հետ և ներազդելով վերջիններիս վրա, համոզելու եղանակով, նրանց դրդել է համապատասխան որոշմամբ թույլատրել համայնքապատկան գույքն օտարել կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գնով: Արդյունքում 2006թ. օգոստոս ամսին Արաբկիր թաղային համայնքի ավագանու որոշմամբ թույլատրվել է դասական աճուրդով օտարել Երևանի Մամիկոնյանց փողոցի 3-րդ շենքի, 79քմ. մակերեսով թիվ 60 բնակարանը` մեկնարկային գին սահմանելով 3.350.000 ՀՀ դրամ, որի կադաստրային արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 5.492.500 ՀՀ դրամ:

Այնուհետև, նույն պաշտոնատար անձինք, օգտվելով ավագանու որոշմամբ ընձեռնված հնարավորությունից, կազմակերպել են այն աճուրդով օտարելու վերաբերյալ ձևական մրցույթ, որի ընթացքում հիշյալ անշարժ գույքն իբր Ա. Ղ.-ին մեկնարկային գնով օտարելու համար, կազմվել և շրջանառության մեջ են դրվել պաշտոնեական կեղծ փաստաթղթեր: 2006թ. օգոստոսի 31-ին կայացած ձևական աճուրդի ժամանակ նշված անշարժ գույքը, մեկնարկային գնով, օտարվել է աճուրդին փաստացի չմասնակցած Ա. Ղ.-ին։ Այնուհետև, 2006 թվականի հոկտեմբեր ամսին, նույն եղանակով, կազմվել և շրջանառության մեջ է դրվել կեղծ լիազորագիր, որի հիման վրա նշված բնակարանը մոտ 14.440.000 ՀՀ դրամով վաճառվել է Ս. Հ.-ին, ով էլ նույն թվականի նոյեմբեր ամսին անշարժ գույքի հիփոթեքի և առուվաճառքի պայմանագրով, 16.361.930 ՀՀ դրամով, բնակարանն օտարել է Է. Պ.-ին՝ այդ կերպ համայնքապատկան առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ վերջիններս ձեռք են բերել սեփականության իրավունք: