Ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուն 14 տարի հեռարձակվելուց հետո հրաժեշտ կտա հանդիսատեսին։ Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը։
39-ամյա Քարդաշյանի խոսքով՝ իրենց ընտանիքը դժվարին որոշում է կայացրել՝ հրաժեշտ տալ Keeping Up With The Kardashians իրապատում շոուին։
Նա երկրպագուներին շնորհակալություն է հայտնել «լավ և վատ ժամանակների, երջանկության, արցունքների, բազմաթիվ հարաբերությունների ամբողջ ընթացքում իրենց կողքին լինելու և իրենց հետևելու համար»։
«Մենք միշտ կփայփայենք մեզ մնացած հրաշալի հուշերն ու այն բազմաթիվ մարդկանց, որոնց հանդիպել ենք մեր ճանապարհին»,- նշել է իրպատում շոուի աստղը։
«Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր վերջին 14 անհավանական տարիների ընթացքում հետևել և աջակցել են ինձ և իմ ընտանիքին։ Այս շոուն մեզ դարձրել է այն, ինչ մենք կանք, և ես առհավետ պարտական եմ նրանց, ովքեր դեր են խաղացել մեր կարիերայի ձևավորման գործում և ընդմիշտ փոխել են մեր կյանքը»,- գրել է աստղը:
Քարդաշյանը նաև նշել է, որ վերջին եթերաշրջանը հեռարձակվելու է 2021 թվականի սկզբին։
Նշենք, որ Keeping Up with the Kardashians իրապատում շոուի պրեմիերան կայացել է 2007 թվականի հոկտեմբերին։















