Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կորոնավիրուսի ֆոնին հայտարարված ինքնամեկուսացման անհաշտ ամիսներից հետո «առանձին են ապրել». Daily Mail


Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կորոնավիրուսի ֆոնին հայտարարված ինքնամեկուսացման անհաշտ ամիսներից հետո «առանձին են ապրել». Daily Mail
Հուլիս 22 23:53 2020

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն ու ամուսինը՝ ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթը կորոնավիրուսի համավարակի ֆոնին հայտարարված ինքնամեկուսացման անհաշտ ամիսներից հետո «առանձին են ապրել», գրում է Daily Mail-ը։

Ինչպես պարբերականին հայտնել է աղբյուրը, «ինքնամեկուսացման ընթացքում ամեն օր նրանք բառացիորեն ամեն ինչ շուրջ վիճել են։ Սակայն հիմանականում տարաձայնություններ են ունեցել իրենց երեխաների, նրանց ապագայի մասին թեմաների շուրջ»։

Աղբյուրի խոսքով՝ զույգի ամուսանկան կյանքը վերջին տարում խարխլվել էր և «Քիմի համար Քանյեի հետ համատեղ կյանքը չափազանց դժվար էր դարձել»։

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանն առաջին անգամ խոսել էր իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի երկբևեռ աֆեկտիվ խանգարման մասին՝ նրան անվանելով «փայլուն, բայց բարդ մարդ»։

«Ինչպես ձեզնից շատերը գիտեն, Քանյեն երկբևեռ աֆեկտիվ խանգարում ունի։ Ցանկացած ոք, որն ունի այս ախտորոշումը կամ այս ախտորոշումն ունեն նրանց սիրելիները, գիտի, թե որքան դժվար և ցավոտ է այն հասկանալ: Ես երբեք հրապարակավ չեմ խոսել այն մասին, թե ինչպես է այդ խանգարումն ազդել մեր ընտանիքի վրա, քանի որ մշտապես փորձել եմ պաշտպանել մեր երեխաներին և Քանյեի անձնական կյանքի իրավունքը, երբ խոսքը վերաբերում է նրա առողջությանը: Բայց այսօր ես զգում եմ, որ պետք է բարձրաձայնեմ այդ մասին՝ հոգեկան առողջության շուրջ ստեղծված սխալ պատկերացումների պատճառով»,- գրել էր Քարդաշյանը։

Իրապատում շոուի աստղի խոսքով՝ երկբևեռ աֆեկտիվ խանգարումը չի արժեզրկում նրա երազանքները և ստեղծագործական գաղափարները։

«Դա նրա հանճարի մի մասն է և, ինչպես մենք բոլորս տեսել ենք, նրա երազանքներից շատերն իրականություն են դարձել»,- նշել է Քիմը։

Նա նաև հասարակությանը կոչ է արել հոգեկան առողջության թեմայի մասին խոսել նրբանկատորեն, իսկ ԶԼՄ-ներին և մարդկանց խնդրել է կարեկցանքով վերաբերվել։