Հայեր, որոնք աշխարհն ավելի լավն են դարձրել, սակայն որոնց մասին քչերը գիտեն


Հայեր, որոնք աշխարհն ավելի լավն են դարձրել, սակայն որոնց մասին քչերը գիտեն
Մայիս 29 00:23 2020

Պատմության տարբեր ժամանակահատվածներում Երկիր մոլորակի բոլոր մայրցամաքներում գտնվող հայերը կարողացել են զարմացնել աշխարհին: Այսօր ևս, ինչպես նախկինում, հայերը շատ բաներ են հայտնագործում, ինչն էլ վկայում է այն մասին, որ տարիների ընթացքում հայերի պոտենցիալը ոչ միայն չի վերացել, այլև չի նվազել, սակայն ինչ-որ տարօրինակ օրինաչափությամբ բոլոր գյուտերն արվում են Հայաստանի սահմաններից դուրս:

 

Գրեթե բոլորը գիտեն ամենահայտնի հայազգի գյուտարարների մասին, որոնք հայտնագործել են առօրյայում յուրաքանչյուրին անհրաժեշտ կարևորագույն իրեր. Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության հեղինակն էր, Ալեքս Մանուկյանը՝ ժամանակակից ծորակների, Քրիստափոր Տեր-Սերոբյանը՝ ամերիկյան դոլարի կանաչ գույնի, Արտաշես Հայկանյանը՝ խմելու ձողիկների, Ռոզա և Սարգիս Կոլոմբոսյանները՝ առաջին յոգուրտի և այսպես շարունակ:

Սակայն հայ ազգն ունեցել է բազմաթիվ այլ գյուտարարներ ևս, որոնց հայտնագործությունների մասին հաճախ չէ, որ խոսվում է: Ձեզ ենք ներկայացնում այն հայերին, որոնք իրենց յուրահատուկ ներդրումն են ունեցել մարդկության զարգացման տարբեր բնագավառներում:

Բագրատ Իոնիսյան

Բագրատ Իոնիսյանը գիտնական էր, կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների պատվավոր դոկտոր և Խորհրդային Միության աշխատանքի հերոս: Նա նախկինում Եվրասիայում և մինչև 1993 թ. ողջ աշխարհում ամենախոշորը համարվող աստղադիտակի հայտնագործողն է, որն ուներ 6 մ տրամագիծ: Իոնիսյանը նաև մի շարք աստղագիտական սարքավորումների հեղինակ է: Իոնիսյանի անունով է կոչվում փոքրիկ մոլորակ՝ 2450 Ioannisiani:

Ավետիս Զիլչիյան

Ավետիս Զիլչիյանը 1929 թ. հիմնել է ԱՄՆ-ում առաջին երաժշտական ափսեների ֆաբրիկան՝ Zildjian Cymbal Co-ն: Նրա նոր հայտնագործություններն էին Paper Thin Crash-ը, Ride-ը, Splash-ը, HiHat-ը, Sizzle-ը: Ավետիսը Կոստանդնուպոլսից մի հայ ալքիմիկոսի հետնորդ էր, որը ստեղծել է արտակարգ հնչեղության երաժշտական ափսեների պատրաստման համար ձուլվածք, որոնք օգտագործվել են արքայական տոների և Օսմանյան բանակի համար։

Ասատուր Սարաֆյան (Օսկար Բենկեր)

Ասատուր Սարաֆյանը 1931 թվականին արտոնագրել է ինքնաշարժերի ավտոմատ փոխանցման տուփը, որը տարիներ անց սկսել է կիրառվել ամերիկյան «Օլդսմոբիլ» մակնիշի ավտոմեքենայում։ 1957 թվականին արտոնագրել է ավտոյուղի չափիչի գյուտը։ Սարաֆյանին է պատկանում նաև բենզինային պոմպի գյուտը: Ասատուր Սարաֆյանի՝ ԱՄՆ կառավարության կողմից ամենաարժեքավոր հայտնագործություններ են համարվել ուղղաթիռի տրանսմիսիայի՝ Սիկորսկու շարժիչի փոխանցման տուփը, բազմագույն տպիչ սարքը։

Ռուբեն Օրբելի

Ռուբեն Օրբելին ԽՍՀՄ-ում ստորջրյա հնագիտության հիմնադիրն էր: Նա մեթոդ է մշակել այն հնագիտական նմուշների պահպանության համար, որոնք դուրս էին բերվում ծովի հատակից: Ստորջրյա հնագիտության գործի հսկայական գրականության և արխիվային նյութերի ուսումնասիրության արդյունքում Օրբելին հիմնեց գիտության նոր ճյուղ՝ հիդրոհնագիտություն։

Իգնացի Լուկասևիչ

Իգնացի Լուկասևիչը հայկական ծագումով լեհ դեղագործ, քիմիկոս-տեխնոլոգ և ձեռնարկատեր էր: Նա կերոսինային լամպի հայտնագործողն էր: Ստեղծել է նաև նավթահումքից թորման եղանակով կերոսինի ստացման մեթոդը և հիմնել է աշխարհում առաջին նավթավերամշակման գործարանը:

Ջակոմո Լուիջի Չամիչյան

Ջակոմո Լուիջի Չամիչյանը հայկական ծագումով նշանավոր իտալացի գիտնական-քիմիկոս էր, 400 գիտական աշխատությունների հեղինակ, Նոբելյան մրցանակի 9-ակի թեկնածու, Իտալիայի քիմիական համայնքի նախագահ: Չամիչյանն ուսումնասիրել է էներգետիկայի և ֆոտոքիմիական ռեակցիաների ոլորտը, ստեղծել է արևային լիցքավորիչների նախատիպը և մշակել է քիմիական զենքից պաշտպանության միջոցներ:



loading...