Ամռանը օձի խայթոցի դեպքերը շատանում են։ Եթե օձի եք հանդիպել, մի փորձեք բռնել նրան, մոտենալ կամ դիպչել։ Պետք է խիստ զգուշավոր լինել նաեւ սատկած օձերի պարագայում, դրանց թույնը դեռ երկար ժամանակ կարող է ազգել, եւ եթե հանկարծ թունավոր ատամին դիպչեք, կարող եք թունավորվել։
Եթե հանկարծ սողացող օձի եք նկատել, տեղում մնացեք, թողեք՝ այն գնա։ Եթե օձը պատրաստվում է հարձակվել, դանդաղ հետ գնացեք։ Խուսափեք կտրուկ, օձին վախեցնող շարժումներից։ Պետք չէ առաջ պարզել ձեռքերը, օձին մեջքով շրջվել։ Եթե փայտ ունեք, ձեր դիմաց պարզեք ՝ դեպի օձը։ Ձգուշացեք, քանի որ մի օձից փախչելով՝ կարող եք պատահաբար մեկ այլի վրա կանգնել։ Հիշեք, որ առավել վտանգավոր է այն օձը, որին չեք նկատել։
Եթե այնուամենայնիվ օձը խայթել է ձեզ կամ ձեր մտերիմին, հիշեք, թե ինչ է պետք անել՝ իբրեւ առաջին օգնություն։ Սա չափազանց կարեւոր է իմանալ, քանի որ հաճախ սխալ ցուցաբերած օգնությունը ավելի է բարդացնում իրավիճակը։
Օձի խայթոցի դեպքում սովորաբար առաջին պահին ծակոց եք զգում, ապա թմրածություն, կարմություն, ցավ։ Թմրածությունն ու ցավը արագ տարածվում են։ Սկսվում է հավասարակշռության խախտում, դող, դժվար է լինում ոտքի վրա կանգնած մնալը։ Շնչառությունն ավելի մակերեսային է դառնում, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է 38-39 աստիճան։ Եթե ժամանակին օգնություն չհասցվի, մարդ կարող է մահանալ 2-7 ժամվա ընթացքում։
Առաջին հերթին անհրաժեշտ է շտապօգնություն կանչել կամ եթե հնարավորություն ունեք՝ տեղափոխվել հիվանդանոց։ Նախքան բժշկի հասնելը՝ կծելուց անմիջապես հետո կծած տեղի կողքերից զգույշ սեղմեք՝ փորձելով հանել թույնը։
Վերքը պետք է վարակազերծել, հնարավորինս քիչ շարժվել՝ թույնի տարածումը հնարավորինս դանդաղեցնելու համար, պետք է ֆիքսել վերջույթը։
Պետք է շատ հեղուկ օգտագործել, նախընտրելի է՝ ջուր։
Չի կարելի
Կտրել կծած տեղը, քանի որ այսպիսով կարող եք վարակ անցկացնել։ Արգելվում է նաեւ որեւէ տաք իր դնել՝ ջեռակ կամ ինչպես երբեմն ընդունված է՝ մոխիր։
Չի կարելի նաեւ կծած տեղից վերեւ ձիգ կապել։ Սա ավելի է վատացնում տուժածի վիճակը եւ հետագայում կարող է անգամ փտախտի պատճառ դառնալ։
Այս պարագայում նաեւ չպետք է մոռանալ, որ ալկոհոլը ոչ թե վնասազերծում է թույնը, այլ հակառակը՝ դժվարացնում է թույնի արտազատումը մարմնից, այնպես որ օձի խայթոցի դեպքում պարզապես արգելվում է ալկոհոլ օգտագործել։
Աղբյուր՝ Բուժ ինֆո












