«Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ». ասում էր մի հայտնի դասական, որը սիրում էր բարձրանալ արագաչափերի սյուների վրա և սկոչով ծածկել տեսախցիկները, այս մասին հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նա ընդգծել է՝ իսկ հիմա նրա կառավարության սահմանած կենսաչափական անձնագրի տուրքը 28 650 դրամ է՝ միջին ամսական համախառն աշխատավարձի 9,45%-ը, գրեթե մեկ տասներորդը՝ մեկ անձնագրի համար։
«Նույն համեմատությունը՝ ըստ երկրների։
Զարգացած երկրներ՝ Գերմանիա՝ 1,26%, Լեհաստան՝ 1,59%, Կանադա՝ 2,12%, Մեծ Բրիտանիա՝ 2,19%, Ֆրանսիա՝ 2,25%, ԱՄՆ՝ 2,69%։
Նախկին ԽՍՀՄ երկրներ՝ Բելառուս՝ 3,34%, Մոլդովա՝ 5,07%, Ադրբեջան՝ 5,44%, Ռուսաստան՝ 5,98%, Ուզբեկստան՝ 6,21%, Ղրղզստան՝ 6,71%, Վրաստան՝ 6,93%, Ղազախստան՝ 7,80%, Տաջիկստան՝ մոտ 30,45%։
Այս համեմատության մեջ Հայաստանից բարձր ցուցանիշ ունի միայն Տաջիկստանը։ Իսկ մեր քաղաքացին իր աշխատավարձից անձնագրի համար հատկացնում է մոտ 7,5 անգամ ավելի մեծ բաժին, քան Գերմանիայում, և 36%-ով ավելի մեծ բաժին, քան Վրաստանում։
Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության համար քաղաքացին լավ էլ տուգանքի էլ, տուրքի էլ, հարկման էլ և ընդհանրապես՝ լեգիտիմացված կեղեքման մատերիալ է։
Ի՞նչ է ստացվում։ ՀՀ քաղաքացին պետք է իր ընտանեկան բյուջեից մի շոշափելի գումար վճարի ինչ-որ մասնավոր ընկերության (որի գործարքը Փաշինյանի կառավարության հետ դեռ պետք է ստուգվի), որպեսզի անձնագրից հանեին Արարատի պատկե՞րը և Հայաստանը մերձեցնեի՞ն ԵՄ-ի հետ, որի հետ մերձենալը, ինչպես բացահայտեց Նիկոլի նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, իրենք էլ գիտեն, որ իրատեսական չի։
Սա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբուսիկ բարձր իդեալներով և բարձրագոչ աղմուկի օգնությամբ «տեխնիչնի» մտնել նրանց գրպանը։
Հլա ո՞ւր եք»,- նշել է Զուրաբյանը։










