Կոչ եմ անում ընտրությունների արդյունքներից բողոքող քաղաքացիներին և այդ ընտրության արդյունքները չընդունող քաղաքական ուժերին՝ չհաշտվել ստացված արդյունքների հետ և դիմել ՄԻԵԴ: Այս մասին`այսօր, ապրիլի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ, Թրասնփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնից Լևոն Բարսեղյանը:
«Կառավարվող քվեարկություն, կառավարվող քվեաթերթիկներ, բաց քվեարկություն, ընտրակաշառքների բազմաթիվ դեպքեր, ձայնագրություններ, քվեարկության բարդացված ընթացակարգ, սարքերի խափանումներ: Սրանք այն հիմնական թերություններն են, որոնք արձանագրվեցին երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,-ասաց նա:
Նրա խոսքով` այս ամենին ավելանում են նաև ձախողված ուղիղ միացումները, որոնք տապալեցին ընտրատեղամասերում կատարվողին ուղիղ կապով հետևելու իրենց հույսերը:










