Մահացել է երաժիշտ Արմեն Մերաբովը՝ հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը


Մահացել է երաժիշտ Արմեն Մերաբովը՝ հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը
Օգոստոս 15 14:31 2019

Կյանքից հեռացել է հայտնի ջազային երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը` կոմպոզիտոր, դաշնակահար Արմեն Մերաբովը:

Այս մասին տեղեկանում ենք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Մարիամ էջից:

Օգոստոսի 15-ի վաղ առավոտից Մերաբովների ընտանիքի ընկերները և երկրպագուները ցավակցություններ են հայտնել Արմեն Մերաբովի մահվան կապակցությամբ:

Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ:

1998 թվականին Մարիամն  իր  ապագա  ամուսնու և ներկայիս  պրոդյուսեր  Արմեն  Մերաբովի  հետ  սկսել  է  աշխատել  «Միրայֆ»  ջազային նախագծի  ստեղծման  ուղղությամբ: 2000  թվականին  թողարկվել է  «Միրայֆ»-ի անդրանիկ  ձայնասկավառակը:  Դրան  հաջորդած  բոլոր  ձայնասկավառակների երաժշտական  պրոդյուսերը և երգերի մեծ մասի հեղինակն Արմեն Մերաբովն է: Մարիամ և Արմեն Մերաբովները մենահամերգներով բազմիցս հանդես են եկել Հայաստանում: Նրանց առաջին համերգը Երևանում տեղի է ունեցել 2011 թվականին: 2013-ին նրանք մասնակցել են «Երաժշտության շաբաթ Երևանում» նախագծին: Իսկ 2015-ին Մարիամ Մերաբովան համերգային շրջագայությամբ եղել է Հայաստանում և Արցախում: 2018 թվականի նոյեմբերի 29-ին Մերաբովան ելույթ է ունեցել «Միրայֆ»-ի, ինչպես նաև Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց): Որպես դիրիժոր երեկոյին հանդես  է եկել հենց Հյուսնունցը, իսկ դաշնամուրի առջև եղել է Արմեն Մերաբովը:

«Միրայֆ»-ը  մինչև  օրս  մեծ  հաջողությամբ  ելույթներ  է  ունենում  տարբեր երկրներում: